Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը, հնարավոր է, նշանակվի քաղաքաշինության նախարար
Քաղաքական շրջանակներում երեկ համառ լուրեր էին շրջանառվում, որ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Սամվել Թադևոսյանը, ով հիշեցնենք օրերս դիմում գրեց «Օրինաց երկիր» կուսակցության շարքերը լքելու մասին, նոր կառավարության կազմում չի հայտնվի: Նույն շրջանակները նշում են, որ քաղաքաշինության նախարարի պաշտոնում նշանակվելու է Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով ներկայումս կառավարության առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահն է:
Երեկ վերջինիս փոխարեն «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի զանգերին պատասխանել է այլ անձ, ով փոխանցել է, որ Սարգսյանը չի կարող խոսել: Ճարտարապետի մամուլի խոսնակ Անահիտ Եսայանը թերթի թղթակցի հարցին՝ ճիշտ է, որ Նարեկ Սարգսյանը նշանակվելու է քաղաքաշինության նախարար, պատասխանել է. «Դա լինում է նախագահի հրամանագրով: Հրամանագիր կլինի, հայտնի կդառնա»,-ասել է նա: