Ջահերով երթը մեկնարկել է. Թուրքիայի դրոշն այրեցին (Լուսանկարներ)
Ազատության հրապարակից մեկնարկել է ավանդական դարձած ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած «Ջահերով երթը»` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Երթի մասնակիցները Ազատության հրապարակից կշարժվեն դեպի Ծիծեռնակաբերդ:
Մինչ երթի մեկնարկը երիտասարդները հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը և այդ կրակով վառեցին իրենց ջահերը:
«Մենք պահանջատեր ենք և մինչև վերջ պայքարելու ենք արդարության համար: Մենք մեր հայրենիքի բռնագրավված հատվածն ենք պահանջում»,- Ազատության հրապարակում իր ելույթում նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա նաև նշեց, որ այսօր Թուրքիայի վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ՝ ցավակցելով հայ ժողովրիդն, բայց ոչ միայն հայ ժողովրդին:
«Վախենալով ձեզանից, այսօր այլ քաղաքներում տեղի ունեցող նման երթերի մասնակից երիտասարդներից, փորձ է արել իբր խաբել մեզ և աշխարհին: Ոչ թե ներողություն է խնդրում, ընդամենը ցավակցում է, բայց ոչ թե իր պետության կողմից իրականացված ոճրի համար, այլ ինչ որ մահերի: Կարծես թե` երկրաշարժ է եղել, և մարդիկ են մահացել: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին նորոգում ենք մեր ուխտը, որ շարունակելու ենք մեր պայքարը: Մեր պահանջն է՝ արդարություն, հատուցում, ճանաչում»,- ասաց նա:
Նշենք, որ երթի մասնակիցները նաև նամակ են հանձնելու ՀՀ նախագահին` պահանջելով ի նշանավորումն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի, համայն հայության պահաջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանչման ու դատապարտման և ամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի՝ ետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից: