Վարդան Պողոսյանը՝ Սահմանադրական բարեփոխումների և 2-րդ նախագահի հայտարարության մասին. Tert.am
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մշակող սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, անդրադառնալով 2-րդ նախագահի հայտարարությանը, որ փոփոխությունների անհրաժեշտություն չկա և հարցին, որ արդյո՞ք այս ամենն իշխող համակարգի շահերի սպասարկման համար չի ձեռնարկվում, նշել է.«Եթե ընդդիմադիր ուժերը կամ երկրորդ նախագահը մտավախություն ունեն, որ սա իշխանության վերարտադրման փորձ է, ապա դրանով նրանք նախօրոք ընդունում են, որ մինչև 2017-2018թթ. որևէ բան չի փոխվելու: Էդ դեպքում հարց եմ տալիս՝ եթե որևէ բան չի փոխվելու, ապա ինչի է, առհասարակ, անհրաժեշտ որևէ բան Սահմանադրության մեջ փոխել, եթե գործող Սահմանադրությունը, առանց որևէ խնդիրների, հնարավորություն է տալիս քաղաքական մեծ իշխանության անցում՝ Նախագահի ձեռքից վարչապետի ձեռքը»:
-Պարոն Պողոսյան, երեկ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր կարծիքով՝ չկա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն: Ըստ Ձեզ՝ կա՞, թե չկա:
-Կարծում եմ, որ կա: Եվ մենք ներկայացրած 40 էջանոց հայեցակարգում հանգամանալից ներկայացրել ենք, թե ինչու:
-Պարոն Պողոսյան, երկրորդ անգամ եք, փաստորեն, մշակում Սահմանադրություն, որովհետև նախկին՝ 2005 թ.սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում էլ էիք:
-Ես առաջին անգամ մշակելու ժամանակ որևէ ձևական, ֆորմալ կարգավիճակ չեմ ունեցել: Ես եղել եմ ոչ ֆորմալ աշխատանքային խմբի անդամ, որը որ աշխատել է 2003թ. սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա՝ այն ժամանակվա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, արդարադատության ներկայիս նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանի և Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի հետ միասին։
-Այսինքն՝ այն ժամանակ չկայի՞ն այն նկատառումները, կապված փոփոխությունների հետ, որոնցով էլ պայմանավորված՝ պետք է արվեն փոփոխություններ:
- Քաղաքական նպատակները բոլորովին տարբեր էին, և ազդակները՝ սահմանադրական փոփոխություններ անցկացնելու, տրամագծորեն իրարից տարբեր են: Եթե հիշում եք՝ 2003 թվականին հանրաքվե անցկացվեց և տապալվեց, և չեմ կարծում, որ դա մեր այն ժամանակվա կառավարության ժողովրդավարական վարքագծից էր բխում, այլ պարզապես չկար շահագրգռվածություն՝ ներքին բարեփոխումներ անցկացնելու։ Բայց երբ 2004-ին Եվրոպայի խորհրդի, եվրոպական կառույցների կողմից ճնշումը ավելացավ, այն ժամանակ իշխանությունները գնացին այդ փոփոխություններին։ Իմ խորին համոզմամբ՝ ստիպված գնացին, որովհետև այլ քաղաքական տարբերակ չունեին: Ի տարբերություն դրա, այս անգամվա նախաձեռնությունը, կարծում եմ, բխում է այն բանի օբյեկտիվ գիտակցումից, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են և առաջին հերթին երկրի ներքին կյանքի և դրա հրամայականներից են բխում, ոչ թե ինչ-որ արտաքին ուժերի կողմից ներկայացված պահանջներ են:
-Ասում եք՝ փոփոխությունները անհրաժեշտություն են, մինչդեռ երեկ 2-րդ նախագահը նշեց, որ ոչ միայն չկա նման անհրաժեշտություն, այլ այդ անհրաժեշտության մասին հիմնավորումներ էլ համոզիչ չեն: Եվ նաև հարց տվեց՝ արդյո՞ք այս ամենն իշխող համակարգի շահերի սպասարկման համար չի ձեռնարկվում:
-Ճիշտն ասած, այդ արգումենտը բացարձակապես ոչ համոզիչ է, և իմ կարծիքով՝ արհեստական ու մտացածին է, որովհետև եթե բոլորս ենթադրում ենք, որ 2017 կամ 2018 թվականից հետո նույն քաղաքական ուժն է երկրում գերիշխող լինելու, ապա այդ քաղաքական ուժի առաջնորդին ոչինչ չի խանգարում հաջորդ ընտրություններից հետո ստանձնել վարչապետի պաշտոնը: Կամ ցանկացած այլ պաշտոն, կամ որևէ պաշտոն չստանձնել, եթե քաղաքական ուժը ենթարկվում է ինչ-որ լիդերի՝ կուսակցության նախագահի: Համենայն դեպս, որպեսզի նման ասեկոսեներ, թյուրիմացություններ չլինեն, նախագահը հստակ ասաց, որ պառլամենտականի անցնելու պարագայում ինքը չի հավակնում երկրի ղեկավարի, տվյալ դեպքում, վարչապետի պաշտոնին: Բայց նորից եմ կրկնում, եթե ընդդիմադիր ուժերը կամ երկրորդ նախագահը մտավախություն ունեն, որ սա իշխանության վերարտադրման փորձ է, ապա դրանով նրանք նախօրոք ընդունում են, որ 2017-2018թթ. որևէ բան չի փոխվելու: Էդ դեպքում հարց եմ տալիս՝ եթե որևէ բան չի փոխվելու, ապա ինչի է, առհասարակ, անհրաժեշտ որևէ բան Սահմանադրության մեջ փոխել, եթե գործող Սահմանադրությունը առանց որևէ խնդիրների հնարավորություն է տալիս քաղաքական մեծ իշխանության անցում՝ նախագահի ձեռքից վարչապետի ձեռքը: Իսկ գործող Սահմանադրությունը որևէ սահմանափակում՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու տեսանկյունից, ընդհանրապես չի սահմանել: Դրա համար, նման ենթադրությունները և մտավախությունները քաղաքական մտավախություններ են, որոնք որևէ սահմանադրա-իրավական հիմք չունեն:
-Պարոն Պողոսյան, երեկ իր ելույթներից մեկում նախագահ Սարգսյանը կարծիք հայտնեց, թե որևէ մեկը չպետք է իրավունք ունենա նախագահ ընտրվել երկու ժամկետից ավելի, ինչից հետո շրջանառվեց, ապա հաստատվեց, թե հայեցակարգում կա դրույթ, որով նախատեսվում է փոփոխել գործող Սահմանադրության 50-րդ հոդվածի այն կետը, որ «Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում»: Այսինքն՝ երրորդ անգամ նախկին նախագահները առաջադրվելու իրավունք չեն ունենա: Կա՞ նախագծում նման դրույթ՞, թե ոչ:
-Հայեցակարգի նախագծում մենք այդպիսի դետալիզացիայի չենք հասել, որովհետև երբ որ վերլուծության ենք ենթարկում կառավարման համակարգը, մենք ասում ենք, որ գործող կառավարման համակարգն ունի արմատական թերություններ։ Փորձում ենք հաջորդ քայլով որոշակի բարելավումներ մտցնել գործող համակարգի պայմաններում, հետո արձանագրում ենք, որ միևնույն է՝ մնում են խնդիրներ, որոնք գործող կառավարման համակարգի պայմաններում լիարժեք լուծում չունեն, և հետո արդեն մյուս քայլով ասում ենք, որ այդ մնացած խնդիրները, կարող են, թերևս, ավելի լիարժեք ձևով լուծվել, եթե անցում կատարվի խորհրդարանական համակարգին: Բայց, միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ վերջնական որոշում հանձնաժողովում, որ նախընտրելի է այս կամ կառավարման ձևը, չկա: Երբ չկա ընտրությունը օրինակի համար՝ կիսանախագահական կառավարման համակարգի վերաբերյալ, այնքան էլ տրամաբանական չէր լինի անդրադառնալ մի խնդրի՝ «երկու անգամ անընդմեջ», թե միայն երկու անգամ, որը որ այդ հանձնաժողովի հետագա քննարկման խնդիր է, քան թե սկզբունքային, հայեցակարգային խնդիր:
-Այդ դեպքում, որտեղի՞ց այդ մեկնաբանությունները, որոնց անգամ արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը:
-Հարցրեք, երկրորդ նախագահին, համենայն դեպս, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում որևէ նման առաջարկ կամ թեկուզ ակնարկ՝ վերացնելու «անընդմեջ» բառը 50-րդ հոդվածում, չկա, թե 2-րդ նախագահը որտեղի՞ց է դա վերցրել, այդ հարցը պետք է իրեն ուղղել: Հանրապետության գործող Նախագահը հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ ընդամենն իր կարծիքն է արտահայտել, որ որևէ մեկը երկու անգամից ավելի չպետք է ստանձնի երկրի ղեկավարի ղեկը: Բայց, կրկնում եմ՝ այս հարցը, որպես հայեցակարգային հարց, բարձրացված էլ չէ: Եթե նման աժիոտաժ է առաջանում այդ հարցի շուրջ, թերևս, նպատակահարմար կլինի այդ հարցին էլ անդրադառնալ, ապագայում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: