Թոնի Բլեերը կոչ է արել մի կողմ թողնել Ուկրաինայի խնդիրը և համագործակցել Ռուսաստանի հետ արմատական իսլամի դեմ պայքարում
«Արևմուտքը պետք է մի կողմ թողնի Ուկրաինայի խնդրով Ռուսաստանի հետ տարաձայնությունները, որպեսզի ուշադրությունը կենտրոնացնի արմատական իսլամի դեմ պայքարի վրա»,- այս մասին «Վզգլյադ» պարբերականի փոխանցմամբ հայտարարել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը:
Նրա համոզմամբ՝ միջազգային անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը արմատական և քաղաքականացված իսլամն է, մի գաղափարախոսություն, որը խեղաթյուրում է իսլամի իրական բովանդակությունը:
«Արմատական իսլամի սպառնալիքը չի նվազում: Այն մեծանում է, տարածվում ողջ աշխարհում, ապակայունացնում երկրներ և համայքներ, խաթարում է գլոբալիզացիայի դարաշրջանում խաղաղ գոյակցության հնարավորությունը»,- ընդգծել է Բլեերը:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի խոսքով՝ արևմտյան պետությունները պետք է աջակցեն իսլամական երկրներում չափավոր ուժերին, այլապես 21-րդ դարը կլինի հակամարտության, այլ ոչ թե խաղաղ համագոյակցման կոչերով: Այդ առումով նա ողջունել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելը:
«Մենք պետք է կրոնական ծայրահեղականության խնդիրը դարձնենք առաջնահերթ մեր օրակարգում: Ողջ աշխարհում այդ գաղափարախոսության դեմ հաղթանակի համար անհրաժեշտ է համագործակցություն: Այդ հարցում, ինչպիսի տարաձայնություններ էլ լինեն, մենք պետք է պատրաստ լինենք ձեռք մեկնել և համագործակցել Արևելքի, մասնավորապես՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ»,- նշել է Թոնի Բլեերը: