Կուզենայի տեսնել ինքնաբացահայտված աղանդավորներին. Ն.Զոհրաբյան
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված էր մի զեկույց, որը նվիրված էր աղանդների քայքայիչ գործունեությանը: Panorama.am-ը գրել է, որ զեկույցի քննարկման շրջանակում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել և պաշտպանել զեկույցի հեղինակին: Պարզվում է, որ դրանից հետո պատգամավորի հասցեին սուր քննադատական ելույթներ են հնչել մի շարք կազմակերպությունների կողմից: Այդ մասին զրուցեցինք տիկին Զոհրաբյանի հետ:
-Տիկին Զոհրաբյան, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում ներառված էր ֆրանսիացի պատգամավոր Ռուդի Սալեսի ներկայացրած զեկույցը, որը վերաբերում էր քայքայիչ աղանդներից անչափահասների պաշտպանությանը: Դուք պաշտպանել եք ներկայացված բանաձևը և ձեր ելույթում սատարել եք պատգամավորի առաջարկները, ինչից հետո տարբեր աղանդավորական կազմակերպություններ Ձեր դեմ արշավ են սկսել` պահանջելով անգամ Ձեր հրաժարականը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս աղմուկը:
-Այո, ես ոչ միայն պաշտպանել եմ Ռուդի Սալսեի զեկույցը, այլ նաև կոչ եմ արել ԵԽ անդամ երկրների ազգային խորհրդարաններին հստակեցնել իրենց ազգային օրենսդրությունը` անչափահասներին քայքայիչ աղանդներից պաշտպանելու համար: Եվ իմ այդ ելույթից հետո ինձ ևս հասնում են տեղեկություններ, որ որոշ աղանդավորական կազմակերպություններ իմ դեմ սրբազան պատերազմ են հայտարարել: Ի դեպ, նախորդ գումարման խորհրդարանում Արմեն Աշոտյանը և ես հանդես եկանք օրենսդրական նախաձեռնությամբ, որին այնուհետ միացան մեր այլ գործընկերներ ևս, և այն ընդունվեց առաջին ընթեցրմամբ, ինչը հստակ մեխանիզմներ էր սահմանում` պաշտպանելու մեր հայրենակիցներին հոգեորսության ճիրաններից: Եվ այդ ժամանակ ևս մի քանի կազմակերպություն նույն սրբազան պատերազմը սկսեցին Աշոտյանի և նախագծի մյուս համահեղինակների դեմ:
Գիտեք, ի՞նչն է ինձ համար իրապես զարմանալի. փաստորեն, տվյալ կազմակերպությունները հրապարակային խոստովանում են և ընդունում են, որ իրենք քայքայիչ աղանդ են և իրենց գործունեության նպատակը անչափահասներին քայքայիչ աղանդների մեջ ներքաշելն է: Անկեղծ ասած` ավելի հրապարակային ինքնախոստովանություն դժվար էր անgամ պատկերացնելը: Ուստի, եթե այդ կազմակերպությունները բարի լինեն հրապարակել իրենց անունները, ողջ հանրությունը, մենք բոլորս բաց և հրապարակային կտեղեկանանք, թե ո՞ր կազմակերպություններն են, որ իրենք իրենց համարում են քայքայիչ աղանդ, որոնց նպատակը մեր երեխաներին կործանելն է:
-Սակայն իրենք իրենց պայքարը Ձեր դեմ ներկայացնում են որպես խղճի ազատության համար պայքար:
-Դա անամոթ դեմագոգիա է և որևէ մեկը փորձ չանի անգամ խղճի ազատությունը շփոթել քայքայիչ աղանդի հետ, որոնց կործանարար հետևանքներն իրենց վրա զգում են հազարավոր հայ ընտանիքներ ու երեխաներ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ կազմակերպություններին չի հաջողվի իրենց կործանարար գործունեությունը «սաղացնել» խղճի ազատության քողի տակ և կրկնակի պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ցանկացած գնով, հնարավոր բոլոր հարթակներում պայքարելու եմ նրա դեմ, որ նմանատիպ կործանարար աղանդները չկարողանան իրենց մահաբեր ճիրանները հասցնել մեր երեխաներին, մեր հայրանակիցներին: Ուստի, սրբազան պատերազմի վկաները թող իմանան, որ ես ընդունում եմ պատերազմի իրենց մարտահրավերը:
Նախորդիվ`
Ն.Զոհրաբյան. Ուղղակի պարտավոր ենք կասեցնել վտանգավոր, ավերիչ աղանդների շքերթը մեր երկրներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան