Պատմաբան. Փորձում եմ հասկանալ Հայաստանի իշխանությունների զգուշավոր գործելակերպը
«Առաջիկա տարվա ընթացքում մենք պետք է տանք նաև հայրենազրկում բառի ձևակերպումը: Հայրենազրկման համար միջազգային իրավունքի տեսանկյունից դեռևս պատիժ նախատեսված չէ: Պետք է պատիժ սահմանել նաև ազգին հայրենիքից զրկելու համար, որը ցեղասպանության ամենահստակ դրսևորումն է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Նա նաև շեշտեց, որ հայ մասնագետներն այսօր լուրջ խնդիր ունեն՝ հստակեցնել խնդիրները: Պատմաբանի կարծիքով, այսօր պետական մակարդակով երբ խոսվում է Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման մասին, շատ քաղաքակիրթ, նուրբ ձևով պահանջատիրության խնդիրն իրավաքաղաքական դաշտ տեղափոխելու քաղաքականություն է:
«Երբ պետական այրերը խոսում են հետևանքների վերացման մասին, կազմակերպությունները, սփյուռքը, անհատ գիտնականներ խոսում են պահանջատիրության, նաև հողային պահանջատիրության մասին, կարծում եմ, լուրջ գործակցություն է և աշխատանքի հստակ բաժանում»,- ասաց Ա. Մելքոնյանը:
Պատմաբանը նշեց, որ ինքը փորձում է հասկանալ նաև Հայաստանի իշխանությունների զգուշավոր գործելակերպը Հայոց ցեղասպանության հարցը իրավաքաղաքական դաշտ տեղափոխելու խնդրում, քանի որ բոլոր դեպքերում առկա է երկրի անվտանգության խնդիրը. «Գործ ունենք թուրքերի հետ»:
Միաժամանակ նա հավելեց, որ խնդիրն իրավաքաղաքական դաշտ տեղափոխելով՝ նաև հոգում ենք Հայաստանի անվտանգության խնդիրը:
«Երբ բարձրաձայնում ես, որ այսօր գործ ունես ցեղասպան երկրի հետ, որը մերժողական կեցվածքով ընդգծում է իր՝ նախորդ իշխանությունների շարունակական քաղաքականությունը, աշխարհին ահազանգում ենք, որ Հայաստանն այսօր անվտանգ վիճակում չի գտնվում: Դրա վառ վկայությունն այն է, որ Հայաստանը շրջափակված է Թուրքիայի կողմից»,- ասաց պատմաբան Ա. Մելքոնյանը: