ՀԱԿ-ը Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել է առանց Լևոն Տեր-Պետրոսյանի
Դեպի Ծիծեռնակաբերդ երթը Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը, ավանդույթի համաձայն, սկսեց Սարյանի պուրակից: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի միացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրացող երթին: Փոխարենը, հուշահամալիր բարձրացել է նրա կինը: Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը պատճառաբանել են նրա` վատառողջ լինելու հանգամանքով:
Երթից առաջ ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ցեղասպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ արված Թուրքիայի վարչապետի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները պատահական հայտարարություններ չհամարեց:
«Ակնհայտ է, որ պատահական չեն այս հայտարարությունները, և սրանից առաջ եղել են հանդիպումներ, և կողմերը պարտավորվել են ռևերանսներ անել»,-հայտարարեց Զուրաբյանը` նկատելով, որ հայ-թուրքական հարաբերություններում սկսվել է դիվանագիտական նոր ցիկլ։
Նա հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, երբ հայտարարվեցին Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների մասին: Այժմ սակայն, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, ընդդիմադիր գործչի խոսքով, Թուրքիան կարողանում է կասեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: