Էրդողանի քայլը քաղաքական դրդապատճառներ ուներ. Դավիթ Հարությունյան
Եթե ոմանք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը դիտում են փոփոխություն, ցավոք, դեռևս չեմ կարող համաձայնել նման գնահատականի հետ: Այդ մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն հարգելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը ՀՀ կառավարության ներկայացուցիչը նկատեց. «Շատ լավ հասկանում եմ այդ քայլի իմաստը: Այն զուտ քաղաքական դրդապատճառներ ունի: Ընտրված է պատշաճ պահը` իբրև երկրի զարգացման հետ կապված, այն խայտառակ պատմությունները, որում հայտնվել էր թուրքական վերնախավը: Կարծում եմ` այդ քայլը զուտ քաղաքական խաղ էր»:
Սակայն այսքանով հանդերձ Հարությունյանը վստահ է, որ Թուրքիան կընդունի ցեղասպանությունը:
«Բացարձակապես չեմ կասկածում, որ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը: Վստահ եղեք` հեռու չէ այն օրը, որ Թուրքիան իրականում կճանաչի ցեղասպանության փաստը», -հավելեց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք պետք չէ հարցը տեղափոխել իրավական հարթություն, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը նշեց, որ սա իրավական հարթության հարց չէ:
«Սա այն հարցն է, որ պետք է իրականում լինի քաղաքական, քանի որ պատմական փաստերն անհերքելի են և մնում է քաղաքական կամք այն ճանաչելու համար», -հավելեց նա:
Նրա խոսքով, պարտավոր ենք ավելի հզորացնել մեր երկիրը` բոլոր խնդիրներին դիմակայելու համար:
«Սա է այն երկիրը, որը բոլոր հայերի հայրենիքն է: Ցավոք, մնացել է փոքր բայց պարտավոր ենք այն շենացնել: Սա կլինի ամենալավ հարգանքի տուրքը այն բազմահազար ու միլիոնավոր զոհրի հիշատակին, որ մենք պարտավոր ենք հարգել»,-եզրափակեց պաշտոնյան:
Հարակից հրապարակում`
Էրդողանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ժխտման ավելի կատարելագործված դրսևորում է. Վիգեն Սարգսյան