Հայերը պիտի քաղաքացիություն ստանան իրենց հայրենիքում. թուրք քաղաքական գործիչ (Տեսանյութ)
Թուրք քաղաքական և հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասն այսօր իր մի քանի ազգակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Panorama.am-ի թղթակցին տված հարցազրույցում նա նշեց, որ եկել են հայ ազգի ցավը կիսելու:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի` նախօրեին տարածած հայտարարությանը, թուրք քաղաքական գործիչը կարծիք հայտնեց, որ բավարար չէ այդ հայտարարությունը, բայց կարևոր քայլ է:
Հարցին, արդյո՞ք, դա Թուրքիայի ժխտողական քաղաքականության շարունակությունը չէ, Ուֆուկ Ուրասը պատասխանեց. «Կարծում եմ, որ սա ուրիշ դռներ պիտի բացի: Լրիվ չենք կարող ասել, որ սա ժխտողական քաղաքականության շարունակություն է: Ընդհակառակը, որովհետև առաջին անգամ «հայ», «1915» և «ցավակցություն» բառերը ի մի բերելով պաշտոնական հայտարարություն էր, քայլ էր»:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի` սպասվող քաղաքականությանը և հարցին` արդյո՞ք կշարունակի այդ պետությունն իր ժխտողական քաղաքականությունը, թուրք գործիչը նշեց, որ իրենք Թուրքիայում այն ուղղությամբ են աշխատում, որ արևմտահայ ծագում ունեցողները հետ ստանան իրենց քաղաքացիության իրավունքը, սահմանի բացման հարցը լուծվի:
«Մեր կուսակցությունը` «Կանաչներ» և «Ձախ», այս ուղղությամբ աշխատում է»,- ասաց նա:
Հարցին` ինչպե՞ս է վերաբերում հայ ժողովրդի պահանջատիրությանը, մասնավորապես հողերի վերադարձման վերաբերյալ, Ուֆուկ Ուրասն ասաց, որ այդ մոտեցումները ռեալ քաղաքական չեն:
«Քիչ-քիչ քայլընթաց հազիվ կկարողանանք ստանալ: Բայց դրանք մնում են երկրորդական, անիրագործելի: Մենք փորձում ենք արևմտահայության բռնագրավված իրավունքերի հարցի վրա կենտրոնանալ և փորձել արդարություն ապահովել այդ ուղղությամբ»,- ասաց թուրք գործիչը:
Մանրամասները` տեսանյութում: