Քաղաքագետ. Էրդողանի հայտարարության ամեն մի նախադասություն ունի հստակ ուղերձ
«Էրդողանի հայտարարությունն, իհարկե, անսպասելի էր, բայց նման մոտեցումներով Թուրքիան որդեգրում է ցեղասպանությունը ժխտելու նոր գործիքակազմ»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը:
Ըստ նրա, այդ հայտարարության ամեն մի նախադասություն ունի իր հստակ ուղերձը, դրա տակ քողարկված գաղափարները:
«Նախ՝ Էրդողանը փորձում է Հայոց ցեղասպանության հարցը փոխկապակցել Առաջին աշխարհամարտի հետ: Սա քարոզչական լուրջ ծուղակ է. երբեք իրավունք չունենք Ցեղասպանությունը փոխկապակցել Առաջին աշխարհամարտի հետ: Երկրորդ կարևոր խնդիրը, որ փորձում է Թուրքիան շրջանառության մեջ դնել՝ ցավ ապրում էր ոչ միայն հայ, նաև Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդները՝ դրանով ցույց տալով, որ նպատակաուղղված բնաջնջում չի եղել, որը մերժողական քաղաքական դրսևորում է:
Երրորդ՝ Թուրքիան ողբերգությունն անհատականացնում է»,- թվարկեց քաղաքագետը:
Հ. Մելիք-Շահնազարյանը չբացառեց, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում նման բնույթի հայտարարությունները կշարունակվեն՝ փորձելով ինչ-որ չափով փաստացի լղոզել Հայոց ցեղասպանության հարցի բուն էությունը միջազգային հանրության առջև: Ըստ նրա, այս հայտարարության հասցեատերը Հայաստանը չէ, այլ միջազգային հանրությունը, այդ իսկ պատճառով այն ներկայացվել էր մի քանի լեզուներով: Քաղաքագետի կարծիքով, Թուրքիան բավականին երկար է աշխատել այդ հայտարարության որը, որն ինչ-ոչ չափով արտահայտում է Թուրքիայի վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: