Առանց հրաժարական պահանջելու կքննադատենք նաև նախագահին. Ա.Բաղդասարյան
«Ինձ շատ են հարցնում` վեցը պատգամավորով հավակնում էիք վարչապետի պաշտոնին: Բայց չէ՞ որ մենք վեցը չենք եղել, մենք եղել ենք 76-ը` եղել ենք քաղաքական կոալիցիա»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԱԱԽ քարտուղարի պաշտոնից հրաժարական ներկայացրած, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Անդրադառնալով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին նա նշեց, որ այդ կառավարության հրաժարականը հիմնավորված էր ու նույնիսկ ուշացած, ինչի մասին ինքը բազմիցս է հայտարարել: Շատ ծրագրերում, ըստ Բաղդասարյանի, կառավարությունը ձախողել-դանդաղել է և միայն այն, որ տնտեսական աճի նախանշված ցուցանիշը չկատարվեց արդեն իսկ պատճառ էր այդ հրաժարականի: Նա նաև հաջողություն մաղթեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու նշեց, որ չի խանգարելու նոր կառավարությանը` կսպասեն 100 օրվան և նոր կտան իրենց գնահատականը.
«Մարդիկ նոր են, պետք է տալ նրանց ժամանակ աշխատելու»,- շեշտեց ՕԵԿ նախագահը:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերություններին, Ա.Բաղդասարյանը նշեց. «Ես ունեմ ապագայի իմ տեսլականը, որը չի համապատասխանում Սերժ Սարգսյանի ծրագրերի հետ: Ես գնում եմ իմ ճանապարհով»,- նշեց նա:
Նաև ավելացրեց, որ կյանքում նախագահի հետ ընկերներ են եղել, շատ լավ հարաբերություններ են ունեցել և այդպիսին դրանք մնում են: Բայց դա չի նշանակում, թե չի պատրաստվում քննադատել նախագահին, եթե լինեն խնդիրներ:
Ինչ վերաբերում է հարցին, թեՕԵԿ-ի օրակարգում նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ կա Ա. Բաղդասարյանը հայտարարեց, որ բարոյական չի համարում նման պահանջ ունենալ երկար տարիների համագործակցությունից հետո, իսկ բացի այդ, հիշեցրեց, Սերժ Սարգսյանն ինքն է հայտարարել, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից:
Ի դեպ, հնչած հարցին, թե արդյո՞ք հնարավոր է ՕԵԿ-ի վերադարձը կոալիցիա, թե ոչ այս պահի դրությամբ, բանախոսը բացառեց այդ հավանականությունը, բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին լուրերը արժանացան իր «չեմ բացառում» պատասխանին:
«Կոալիցիայի մաս կազմելով մենք ունեցանք վարկանիշի անկում, բայց մենք կոալիցիայի մեջ ենք մտել ժողովրդի համար և այսօր էլ դուրս ենք գալիս ժողովրդի համար»,-ասաց Ա. Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ՕԵԿ-ը մտադիր է դիմել քառյակին համագործակցությունն այդ ֆորմատում շարունակելու համար Ա.Բաղդասարյանը նշեց, որ ՕԵԿ-ը քաղաքականության մեջ չի հավակնում որևիցե մեկի տեղը զբաղեցնելու կամ որևէ ուժի հետ համագործակցելու հարցում կաշկանդված չէ, այդ թվում և քառյակի հետ:
«Մնացածը կախված է խնդիրներից ու քաղաքական օրակարգից: ՕԵԿ-ը լինելու է մեր քաղաքական դաշտի ամենաակտիվ դերակատարներից մեկը, ՕԵԿ-ը լինելու է ընդդիմություն` սա է»,- հավելեց նա: