Առանց հայոց լեզվի անկարելի է օտար հողում գոյատևել. Ֆրանսիայի Դպրոցասեր վարժարանի տնօրեն
Առանց մշակույթի, հայ լեզվի կենդանացման, անկարելի է, որ օտար հողում ապրող հայը կարողանա գոյատևել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ֆրանսիայի Դպրոցասեր վարժարանի տնօրեն Հայկ Սարգսյանը:
«Հայ դպրոցի ու հայ մշակույթի կարևորությունն օտար հողի վրա, հիմնաքարային է: Առանց հայերենով դասավանդելու կամ հայ լեզուն սովորեցնելու, ինչպե՞ս կարող ենք հայակերտումը վերականդանցնել»,- ասաց նա:
Հարցին` հայկական դպրոցներում սովորողները շա՞տ են, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Դժբախատաբար, ոչ: Ամբողջ Ֆրանսիայում ունենք 5 ամենօրյա հայկական դպրոց: 400 հազար ֆրանսահայերից միայն 1000-ից մի քիչ ավելի աշակերտ է, որ հաճախում է հայկական դպրոց: Իմ փափագն է, որ Հայաստանի կառավարությունն ու դեսպանությունը կարողանան քայլեր անել, որպեսզի այդ օտար դպրոցներում սովորող աշակերտներին հայերեն դասավանդվի»:
Անդրադառնալով այսօրվա սերունդին և իր ինքնությունը ճանաչելուն, դպրոցի տնօրենը նշեց, որ այն երկու թևի է բաժանվում:
«Սերունդը, որ հիմա հաճախում է դպրոց, մասնակցում է հայ մշակութային կյանքին, տեղյակ է իր անցյալին, իր արմատներին: Բայց կա հատված, որ հեռացած է հայկականությունից: Այնուամենայնիվ, մեծ աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Դպրոցն ունի 240 աշակերտ: 12 մեքենաները աշակերտներին տարբեր բնակավայրերից հասցնում են հայկական դպրոց: Օրական միայն 3 ժամ են երեխաները ծախսում ճանապարհների վրա, բայց, տնօրենի խոսքով, ձգտում կա սովորելու:
Աշակերտներից Վարդան Իշխանյանը 9-րդ դասարանում է սովորում:
«Մեր ընտանիքում նախևառաջ հայ ենք, հետո ֆրանսիացի»,- Panorama.am-ին ասաց նա:
Թաթուլ Մովսիսյանը 7-րդ դասարանում է սովորում, առաջին անգամ է Հայաստանում: Գրքերի մեջ կարդացած ու սեփական աչքերով տեսած «Հայաստան»-ները տարբեր են, ասում է նա. «Հուզվում է մարդ, շատ սիրուն է Հայաստանը: Մեր երկիրը պետք է պահվի, լեզուն չկորցվի»:
Նշենք, որ Դպրոցասեր վարժարանը 135 տարվա պատմություն ունի: Թուրքիայում է ստեղծվել և նպատակ ուներ կրթել հայ աշակերտներին, որ դառնան ուսուցիչ և Արևմտյան Հայաստանի գյուղերում դասավանդեն:
Ջարդերի պատճառով, որբերին վերցնում են և հասնում մինչև Սալոնիկ, որտեղից` Ֆրանսիա: Այդ ժամանակ էլ քննարկվում է դպրոցի` Հայաստան տեղափոխվելու հարցը, բայց որոշում են գործունեությունը շարունակել Փարիզի Լղենսի արվարձանում:
Տնօրեն Հայկ Սարգսյանի խոսքով, հայ համայնքի կողմից մեծ աջակցություն վարժարանին չկա, բայց Ֆրանսիայի կառավարությունն աջակցում է:
Դպրոցի տնօրենին և աշակերտներին հանդիպեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ, ուր եկել էին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու: Աշակերտներից շատերն առաջին անգամ էին Հայաստանում և շատ ոգևորված էին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները