«Թուրքիան կճանաչի ցեղասպանությունն այն ժամանակ, երբ պետականության կործանման վտանգ լինի»
Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունն այն ժամանակ, երբ պետականության կործանման վտանգ լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը։
«Երբ կգա Թուրքիայի մասնատման պահը, այն, որպես քաղաքական, դիվանագիտական մեծ փորձ ունեցող պետություն, անպայմանորեն կհամաձայնի մի մասը զիջել, ամբողջը պահելու համար»,- ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով ապրիլի 23-ին Թուրքիա վարչապետի արած հայտարարությանը, Հայկազուն Ալվրցյանը նկատեց, որ այդ ցավակցություններն ուղղված էին Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդներին, այդ թվում հայերին, որոնք կոտորվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:
«Էրդողանը ևս մեկ անգամ շեշտեց Թուրքիայի տեսակետը, ըստ որի Ցեղասպանությունը ճանաչելու խնդիր չկա: Օսմանյան կայսրության քաղաքացիներն են, որ զոհ են գնացել ռազմական գործողություններին Առաջին համաշխարհայինի ժամանակ»,- ասաց նա:
Քաղաքագետը ուշադրություն հրավիրեց այդ հայտարարության արձագանքների վրա, և նշեց, որ որոշ միջազգային հարթակներ ողջունեցին այն:
Հայկազուն Ալվրցյանն ընդգծեց, որ այսպիսով Թուրքիան նոր ավանդույթ է սկսում ձևավորել, որն է` Հայոց Ցեղասպանությունը հենց ապրիլի 24-ին ժխտելը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում