«Հարսնաքար»-ի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել. Կլինի նաև արդարացման պահանջ
«Հարսնաքար»-ի գործով դատապարտյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Երեմ Սարգսյանը այսօր Վերաքննիչ դատարան վերաքննիչ բողոք է ներկայացրել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց փաստաբանը:
«Պահանջել եմ, որ ճիշտ քրեաիրավական որակավորում տան իմ պաշտպանյալի արարքին, արդար պատիժ նշանակեն, քանի որ առաջին ատյանի դատարանի տված որակումը օրենքի հետ բացարձակապես կապ չունի», -ասաց Երեմ Սարգսյանը` նշելով, որ հնարավոր է իր մյուս գործընկերները ևս վերաքննիչ բողոք ներկայացրած լինեն:
Նրա խոսքով, դատաքննության ժամանակ գործով մեղմացնող հանգամանքներ են ի հայտ եկել, սակայն դատարանը դրանք հաշվի չի առել: Եվ ի վերջո, նրա կարծիքով, դատարանը հաշվի չի առել նաև մեղքի անհատականացման հանգամանքը, որի մասին կա Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, ըստ որի, յուրաքանչյուր հանցանք գործած անձի կոնկրետ գործողությունները պետք է մասնավորեցվեն:
«Որևէ կերպ չի մասնավորեցվել ամբաստանյալների արարքը, և պատիժը կամայական է նշանակվել», -ասաց փաստաբանը` նկատելով, որ դատարանը նման դատավճիռ կայացրել է հասարակական ալիքի ճնշման ներքո:
Պաշտպանը հույս ունի, որ Վերաքննիչ դատարանը կհասկանա հանգամանքները և կըմբռնի իրավիճակը:
«Ճիշտ է` նման դեպքերը պետք է դատապարտվեն, բայց հասարակությունն էլ պետք է հասկանա, որ չպետք է հասնենք նրան, որ անհիմն դատապարտումներ լինեն: Այս դեպքում անձի արդար դատաքննության իրավունքն է ոտնահարվում: Մարդիկ կան, որոնց արարքը չի հիմնավորվել, և եթե նախաքննական մարմինը առանց ապացույցի մեղադրանք է առաջադրում, ուրեմն պետք է միանշանակ դատապարտվե՞ն», -նշեց Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք`«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ՊՆ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը մահացել էր, իսկ նրա ընկերները` տուժել: Գործով մեղադրյալներ Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Նորայր Հայրապետյանը բոլորը միասին մարտի 24-ին հրապարակված դատվճռով, դատապարտվել էին 12 տարի ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի: Մեղադրող դատախազը պահանջել էր նրանց բոլորին դատապարտել 13 տարի ազատազրկման: Բոլոր վեց ամբաստանյալներին առաջադրվել էր նույն մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, 113-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը և 118-րդ հոդվածով՝ ծեծը:
Երեմ Սարգսյանի ներկայացմամբ, դատապարտված անձանց մեջ կան մարդիկ, ովքեր «բացարձակապես մասնակցություն» չեն ունեցել տեղի ունեցածին, բայց դատապարտվել են 12 տարի ազատազրկման: Հարցին, թե հնարավո՞ր է, որ մեղադրվողների շրջանում լինեն անձինք, ովքեր Վերաքննիչ դատարանից արդարացում պահանջեն, Երեմ Սարգսյանը պատասխանեց, որ դրանք կարող են լինեն Արման Բաղդասարյանն ու Արման Խաչատրյանը:
«Նրանց մասով բացարձակապես որևէ արարք չի հիմնավորվում: Արման Բաղդասարյանի մասով նույնիսկ հաստատվել է, որ նա այդ դեպքի վայր մոտեցել է վերջում, երբ ամեն ինչ արդեն կատարվել, վերջացել էր», -հավելեց Երեմ Սարգսյանը:
Նախորդող հրապարակում`
Կարծես ոչինչ էլ չի եղել, կարծես էդպես էլ պիտի լիներ. Փաստաբանը` դատարանում իր նկատմամբ սպառնալիքների մասին
Նոր հանգամանք «Հարսնաքար»-ի գործով` Ն. Հայրապետյանը հայտարարել է, թե ինքն է հարվածել Վահե Ավետյանին
«Սատկեք դուք, թաղեմ ձեզ». Հայհոյանքներ ու անեծքներ «Հարսնաքար»-ի գործով դատավորի և փաստաբանի հասցեին (տեսանյութ)