Ստամբուլում արդեն 3-րդ տարին է, ինչ 100-ավոր մարդիկ մոմավառությամբ հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվել էին Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ` մասնակցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակման արարողությանը: Արդեն 3-րդ տարին է, ինչ զոհերի ոգեկոչման միջոցառում է անցկացվում Թաքսիմում: Մասնակցիների թվում է եղել լուսահոգի Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը:
Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի տեղեկացմամբ` զոհերի հիշատակը սգացող ավելի քան 1000 մարդ շուրջ 1 ժամ նստացույց են արել: Իրենց առջև պարզելով 1915-ին գազանաբար սպանված հայ մտավորականների նկարները` մեկ առ մեկ ընթերցել են նրանց անունները: Նստացուցի մասնակիցներն իրենց հետ բերել էին նաև հանրապետական Թուրքիայում սպանված Դինքի և Սևակ Շահին Բալըքչըի լուսանկարները: Զոհերի նկարների վրա մեխակներ են դրվել և կատարվել է մոմավառություն:
Ի պատասխան Թաքսիմում կազմակերպված այդ ոգեկոչման արարողությանը` մերձակայքում 10-15 հոգանոց մի խումբ «Հայոց ցեղասպանությունը սուտ է» խորագրող ակցիա է իրականացրել: Խմբի անդամները եղել են «Ժողովրդի ազատագրում» կուսակցության անդամներ: Ոստիկանությունը այդ երկու հակադիր խմբերի միջև բարիկադներ է դրել` կանխելու հնարավոր որևէ բախում կամ անկարգություն: