Հովիկ Աբրահամյան. Ուզում եմ ժողովրդի համար լավ գործ անել
«Երեկ քայլ եմ արել, քառյակի հետ քննարկել ենք կուտակային կենսաթոշակային ռեֆորմը: Քննարկում ենք, արդյունքում անպայման ընդհանուր հայտարարի կգանք»,- ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողներին հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ քառյակը հինգ կետ է առաջարկել այս հարցի վերաբերյալ, երկու-երեքն ընդունել են:
Հիշեցնենք, որ նախօրեին Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ և Հ. Յ. Դաշնակցություն խմբակցությունների հրավիրած նիստին, որի ընթացքում քաղաքական ուժերը հստակեցում էին ապրիլի 28-ին մեկնարկելիք ԱԺ նիստում իրենց անելիքները:
Վարչապետը նշեց, որ կառավարության առաջարկած կուտակայինին վերաբերող օրենքի նոր նախագիծով կասեցվում են տույժերը, տուգանքները, դե ֆակտո կասեցվում է պարտադիր բաղադրիչը:
«Իմ ուղերձում հստակ տրված են ձևակերպումները: Շատ մարդիկ հասկացել են, իսկ ով չի ուզում չի հասկանում»,- ասաց Հ. Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե շատերը պնդում են, որ այդ նախագծով դե ֆակտո պարտադիր բաղադրիչը չի կասեցվում:
Նա ընդգծեց, որ որևէ մեկին չեն պարտադրում, որ գնան ու մուծումներ կատարեն:
Այնուհետև վարչապետը դիմելով լրագրողներին, ասաց, որ պետք է ողջունեն իր քայլը (քառյակի հետ հանդիպման), իրեն օգնեն՝ խորհուրդներ տալով, մինչդեռ փորձում են պրովոկացիա անել:
«Փորձում եմ քաղաքական բոլոր ուժերի, շերտերի հետ հարցերը քննարկել, աշխատել թափանցիկ: Ուզում եմ ժողովրդի համար լավ գործ անել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: