Լավրով. Մոտ ապագայում կլուծվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցը
Ռուսաստանն աջակցում է Հայաստանի ձգտմանը մասնակցել եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին: Այս մասին ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանի համար առաջնահերթություն է ԱՊՀ տարածքում պետությունների միջև համագործակցության խորացումը՝ հիմնված իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և մեկը մյուսի շահերը հաշվի առնելու վրա: Ըստ Լավրովի՝ մեծ թափ է հավաքում եվրասիական ինտեգրման գործընթացը Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության շրջանակում:
«Օրակարգում է 2015թ.-ի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության ձևավորումը: Աջակցում ենք Հայաստանի և Ղրղզստանի ձգտմանը մասնակցել այդ ինտեգրացիոն գործընթացներում, որոնք արդեն ձեռք են բերել կոնկրետ ուրվագծեր: Հայաստանի համար «Ճանապարհային քարտեզն» արդեն գործնականում պատրաստ է: Կարծում եմ, որ մոտ ապագայում կլուծվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցը»,- նշել է Լավրովը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի հակադրում եվրասիական ինտեգրացիոն գործընթացը Եվրամիության շրջանակներում իրականացվող ինտեգրացիոն նախագծերին, այլ, հակառակը, պատրաստ է և շահագրգիռ դրանք ներդաշնակեցնել:
«Ինչպես ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեր ռազմավարական խնդիրն է ապագայում ստեղծել Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս միասնական տնտեսական և մարդասիրական տարածություն, որտեղ կարող են համագոյակցել և փոխշահավետ համագործակցել Եվրամիության բոլոր պետությունները, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի բոլոր մասնակիցները և այդ տարածության մեջ գտնվող մնացած բոլոր պետությունները: Այդ ժամանակ չեն լինի անիմաստ մրցակցություն և բաժանարար գծեր, որոնք Արևմուտքում մեր որոշ գործընկերները ոչ միայն փորձում են պահպանել, այլև առաջ մղել ռուսական սահմանների մոտ: Այդ ժամանակ չի լինի պարտադրվող կեղծ ընտրությունը՝ «կամ մեզ հետ, կամ մեր դեմ»»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին