Արամ MP3-ին՝ առաջին փորձից առաջ. «Մի փոքր նյարդայնանում եմ» (լուսանկարներ)
«Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին այսօր եվրատեսիլյան բեմում առաջին փորձն է ունենալու:
Նշենք, որ Արամ MP3-ին և հայաստանյան պատվիրակությունը Կոպենհագեն են մեկնել նախօրեին:
Նախքան փորձը, նրա հետ զրույցել է մրցույթի պաշտոնական էջի լրագրողը: Նա ներկայացրել է իր համարից մի քանի մանրամասներ՝ նշելով, որ բեմում մենակ է լինելու, չի լինելու բեկ-վոկալ: Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու բեմը, Արամն ասել է. «Ես այս պահին մտածում եմ այդ մասին: Առաջին անգամ բեմը տեսնելն ինձ համար մեծ նվեր կլինի: Ես հուզված եմ: Եվ, իհարկե, մի փոքր նյարդայնանում եմ»:
Հիշեցնենք, որ մրցույթը կայանալու է մայիսի 6-8-ը: Արամ MP3 ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 6-ին առաջին համարի ներքո: Նա ներկայացնելու է «Not alone» երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է Արամ MP3-ն:
Մրցույթին մասնակցում է 37 երկրի ներկայացուցիչ:
Լուսանկարները՝ մրցույթի պաշտոնական էջից: