Որո՞նք կլինեն ընդդիմադիր ՕԵԿ-ի առաջին քայլերն ԱԺ-ում
Ազգային Ժողովի օրակարգը կթելադրի, թե ինչպիսին են լինելու ընդդիմադիր ՕԵԿ-ի քայլերն այսուհետ խորհրդարանում: Այս մասին Panorama.am-ին ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Հարցին, թե ունեն կոնկրետ նախագիծ, որով պատրաստվում են հանդես գալ արդեն նոր կարգավիճակում Հ.Բիշարյանն ասաց, որ այս պահի դրությամբ իրենք կառաջնորդվեն ԱԺ օրակարգով:
«Ըստ օրակարգի հերթականության մենք կնայենք` օրենքի նախագծի հետ ունենք առարկություններ, թե ոչ և ըստ այդմ էլ կարտահայտվենք»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությանը` «կուտակայինի» վերաբերյալ արտահերթ նիստ գումարել այս եռօրյա նիստերի ժամանակ և արդյոք ՕԵԿ-ի առաջին քայլը կլինի հենց այդ նախաձեռնությանն աջակցելը` միանալով ստորագրահավաքին, Հ.Բիշարյանն ասաց, որ ընդմիջման ընթացքում պատրաստվում են քննարկել հենց այդ հարցը:
Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց` արտահերթ նիստ գումարելու համար խմբակցությունների հետ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու նպատակով:
Նախորդիվ`
ՕԵԿ-ն այսուհետ ընդդիմություն է