«Ես ցեղասպանությունից փրկվածի թոռ եմ և ունեմ երազանք»
Հեղինակավոր «The Jerusalem Post» պարբերականի իր բլոգում քաղաքական գիտությունների թեկնածու Վահան Դիլանյանը գրել է Հայոց ցեղասպանության դատապարտման և հայության նպատակների մասին:
«Ես ցեղասպանությունից փրկվածի թոռ եմ և ունեմ երազանք» հոդվածում Դիլանյանը խոսում է Արևմտյան Հայաստանի իր արմատների մասին` պատմելով թե ինչպես թուրքերի կողմից կազմակերված կոտորածները վերջ դրեցին իր նախնիների խաղաղ աշխատանքին, որոնք ստիպված եղան լքել իրենց տները:
Նշում է իր պապի հոր մասին, ով Ադանայից է եղել և երկու անգամ փրկվել է կոտորածներից` 1909թ. ապրիլին Ադանայում, և 1915թ.Կոնստանդնուպոլսում: Տատի մայրը Խարբերդից է եղել: Նրա հայրն իր եղբայրների հետ մետաքսի արտադրության գործարան ունեին, որը մեծ համբավ ուներ ոչ միայն Օսմանյան Թուրքիայում, այլև եվրոպական շուկաներում:
«Մինչդեռ նա ուներ դաջվածք իր ձեռքին «հայուհի», որպեսզի չմոռանա իր արմատների մասին, երբ որ մեծանա, ես ծնվեցի սրտիս վրա «դաջվածքով» ` կրելով իմ նախնիների ցավը: Շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ոչնչացումը մարդկային պատկերացումից վեր մի բան էր»,-նշում է հոդվածագիրը` հավելելով, որ միջազգային հանրությունը քաղաքական և տնտեսական շահերի պատճառով անամոթաբար չդատապարտեց Թուրքիային Հայոց ցեղասպանության համար` կանխելու մարդկության դեմ նման հանցագործությունները:
Ըստ հեղինակի` սա էլ հանգեցրել է Հիտլերի այն խոսքին, թե «ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»` իրականացնելով Լեհաստան նեխուժումը, լեհերի կոտորածները և Հոլոքոստը:
Հեղինակը նշում է, որ միջազգային հանրության «ավելի շատ ելույթներ, քան գործողություններ» սկզբունքով վարքագիծը դեռևս շարունակվում է, որը և ճանապարհ է հարթել այլ ցեղասպանությունների, հակասեմականության և Մերձավոր Արևելքում ու աշխարհի այլ վայրերում քրիստոնյաների դեմ ներկայիս հետապնդումների համար:
«Չնայած այս ամենին,- նշում է նա,- հայերը և հրեաները շարունակում են ապրել և արարել իրենց գոյատևման համառ կամքի և ապագայի հանդեպ ունեցած ուժեղ հավատի շնորհիվ»:
«Ինչպես որ հրեաները քայլեցին իրենց հավաքական կյանքի դժվար սանդուղքով, հաղթահարելով տարաբնույթ տառապանքներ, մինչև որ հասան իրենց երազած հայրենիքին, հայերը, ունենալով այդօրինակ պատմական ուղի, պետք է ոգեշնչվեն, իրականացնելու նույնը: Ահա թե ինչն են աշխարհի բոլոր հայերը պահում իրենց գեներում, և ահա թե ինչի մասին է իմ երազանքը»,- եզրափակում է հեղինակը` մատնանշելով միացյալ պատմական Հայաստանի կառուցման հրամայականը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում