Առողջապահության նոր նախարարն առաջին հանձնարարականներն է տվել
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր է գործակարգավարական առաջին խորհրդակցությունը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Նորանշանակ նախարարը նշել է, որ մինչև Ազգային ժողովում ՀՀ նոր կառավարության ծրագրի հաստատումը, իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։
Նախարարին զեկուցել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները։
Արմեն Մուրադյանն աշխատակազմին հանձնարարել է հրատապ լուծում պահանջող խնդիրներին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ և խստությամբ։
«Մեր որոշումները պետք է այնպիսին լինեն, որ դրանց կատարմանը իրավական կամ այլ խոչընդոտներ չխանգարեն։ Կարևոր է նաև, որ դրանք հասցվեն կատարողներին»,-ասել է Արմեն Մուրադյանը։
Անդրադառնալով հիվանդանոցներում պետական պատվերի շրջանակներում բուժվող քաղաքացիներին իրազեկման թերթիկներ տրամադրելու ընթացակարգին` նախարարը ողջունել է դրանց ներդրումը և հանձնարարել ընդլայնել կիրառման շրջանակները, ինչպես նաև խստորեն հետևել դրանց տրամադրմանը։
«Յուրաքանչյուր քաղաքացի, դիմելով ցանկացած օղակի բուժհաստատություն, պետք է տեղեկացված լինի պետության կողմից երաշխավորվող անվճար բժշկական օգնության և այն մասին, թե, արդյո՞ք, ինքն ընդգրկված է ՀՀ կառավարության կողմից հաստատված սոցիալապես անապահով և հատուկ այն խմբերում, որոնք իրավունք ունեն օգտվելու այդ ծառայությունից»,-ասել է նախարարը։
Արմեն Մուրադյանն անդրադարձել էառողջապահական համակարգի քարտեզագրման խնդիրներին։ Հանձնարարել ապահովել քարտեզագրում ըստ բնակչության թվի, տարիքային խմբերի առողջական ցուցանիշների` դրանով իսկ սահմանելով կադրային անհրաժեշտ ներուժի նվազագույն պահանջները, ինչը կադրային հստակ և արդյունավետ քաղաքականություն վարելու հիմք կհանդիսանա։
Նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին այլ հանձնարարություններ ևս տրվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա