ՀՀԿ-ն առաջարկում է իրենց թիվը 2-ով ավելացնել, մյուսները պնդում են, որ դա օրենքի խախտում է (Լրացված)
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցն է:
Գրանցվել է 88 պատգամավոր: ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն առաջարկեց հարցի քննարկումը շարունակել առանց ընդմիջման, մինչև հարցի ավարտը: Որոշումն ընդունվեց:
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ԱԺ որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀԿ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:
«Առաջարկվում է ձևավորել 13 հոգուց բաղկացած հանձնաժողովը, որում ՀՀԿ-ն կունենա 7 տեղ, ԲՀԿ` 2 տեղ, մյուս կուսակություններին 1-ական տեղ»,- ասաց նա:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Սուքիաս Ավետիսյանին և նշեց, որ առաջարկի հետ հիմնավորում ևս պետք է ներկայացնել, որպեսզի հասկանան, օրինակ, թե ինչու հատկապես 13 հոգուց պետք է բաղկացած լինի հանձնաժողովը:
«Եթե կունենաք առաջարկություններ թվերի հետ կապված, կքննարկենք: Հիմնավորումը մեկն է` ԱԺ Կանոնակարգ օրենքի 25 հոդվածի համաձայն հանձնաժողովների կազմը պետք է համահունչ լինի խմբակցությունների կազմին: Նաև խնդիր ունենք ԱԺ աշխատանքները բնականոն ապահովելու, իսկ կանոնակարգը հենց դրա համար է: Ապահովելու համար ներկայացնում ենք այս նախագիծը»,- պատասխանեց Սուքիաս Ավետիսյանը:
ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը նկատեց, որ ՀՀԿ թիվը մինչև փետրվարի երեքի նախորդ փոփոխությունը 3 էր, հետո` փետրվարի 3-ին դարձավ հինգ, հիմա 7:
«Եթե դուք կցանկանաք, մենք Հանրապետականի թիվն էլի կավելացնենք»,- արձագանքեց ՀՀԿ պատգամավորը:
ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշեց, որ կա կանոնակարգի 24-րդ հոդվածը, որն ասում է, որ նստաշրջանի սկզբում է ստեղծվում հանձնաժողովը և պահպանում է կազմը մինչև նստաշրջանի ավարտը:
«Մի բան է աշխատում ենք 11-ի մեջ, մի բան է 13-ի: Սա կանոնակարգ օրենքի մեջ մտնում է: Ինչո՞ւ պիտի բնականոն գործունեությունը կարգավորենք ԱԺ կանոնակարգ օրենքի խախտումով: Եկեք միանգամից գրենք, որ ՀՀԿ-ն պետք է միանշանակ մեծամասնություն ունենա: Մենք առաջարկում ենք, կարող եք այդպես գրել: Ինչո՞ւ եք թիվն անընդհատ մեծացնում»,- ասաց նա:
Սուքիաս Ավետիսյանը նշեց որ իրենք այդ առաջարկությունները կարող են քննարկել:
«Այո, նստաշրջանի սկզբում է ձևավորվում, մենք նոր հանձնաժողով չենք ձևավորում, հիմա ընդամենը փոփոխություն ենք անում որոշման մեջ, որով փորձում ենք ապահովել ԱԺ բնականոն աշխպատանքը: Մեր բոլորի գերագույն խնդիրը հենց դա է»,- ավելացրեց նա և նշեց, որ ՀՀԿ-ն միշտ լինելու է մեծամասնություն բոլոր հանձնաժողովներում, քանի որ բոլոր հանձնաժողովները պետք է արտացոլեն խմբակցությունների խմբաքանակը:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ուղղեց. «Կարո՞ղ եք ասել, ԱԺ որոշմամբ օրենքի փոփոխություն կարող ենք անել»:
«Պարոն Մանուկյան, ես ներկայցնում եմ ԱԺ փետրվարի 3-ի 239 Ն որոշման փոփոխությունը, մենք չենք ններկայացնում օրենքի փոփոխություն»,- պատասխանեց Սուքիաս Ավետիսյանը:
Արամ Մանուկյանն ընթերցեց օրենքի կետը և ասաց. «Այն հանձնաժողովը, որ ձևավորվել է, պահպանվում է մինչև նստաշրջանի ավարտը: Որևէ մեկը իրավունք չունի այս կետը խախտել: Դուք իրավունք չունենք որոշման նախագծով օրենքում փոփոխություններ անելու»:
«Մենք օրենքի խախտում թույլ չենք տալիս, չենք փոխում հանձնաժողովը, մենք լրացնում ենք հանձնաժողովը»,- ևս մեկ անգամ շեշտեց ՀՀԿ պատգամավորը:
Հարց ուղղեց նաև ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը. «Անցյալ անգամ, որ նույն դաղալությունը փորձեցիք անել, գոնե հետևեցիք օնենքի կանոններին: Սկզբում փոխեցիք կազմը, բայց արեցիք նստաշրջանի սկզբում: Դուք կեսից նոր հանձնաժողով եք ստեղծում: Խոսքը նրա մասին է, որ այդ հանձնաժողովն իր թվակազմով արդեն ստեղծվել է: Դրանից հետո միայն այնպիսի փոփոխություններ կարող են լինել, որ ասենք մարդիկ հետ կանչվեն հանձնաժողովից: Իսկ այլ փոփոխությունները կլինեն հակաօրինական: Թվաքանակի փոփոխությունը նոր հանձնաժողովի ստեղծում է նշանակում»:
«Մենք ենք որոշումը կայացրել, հիմա իրավիճակը փոխվում է»,- արձագանքեց Սուքիաս Ավետիսյանը:
«Մեզ ժողովուրդն ընտրել է ոչ թե գեղեցիկ խոսելու, կապրիզներ անելու, այլ որ գանք և օրենքներ ընդունենք: Մեզ ժողովուրդը ընտրել է, որպեսզի գանք այստեղ աշխատելու: Եթե մեր գործընկերները տարբեր խմբակցություններից, որոշել են չմասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, դա իրենց խնդիրն է»,- հայտարարեց ԱԺ նախագահի պաշտանակատար Էդուարդ Շարմազանովը:
Նա հավելեց. «ԱԺ կանոնակարգ օրենքի 24-րդ կետը բոլորիս պարտադրում է, որ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են պարզ մեծամասնությամբ: Հիմա ի՞նչ եք առաջարկում, մինչև սեպտեմբեր նոր օրենքներ չընդունե՞նք: Ձեր ոչ կառուցողական գործունեության արդյունքում է, որ անցկացնում ենք արտահերթ նիստ: Դա անում ենք, որպեսզի իրականացվի բոլորիս սուրբ պարտականությունը` ԱԺ աշխատանանքերը: Հիմա դուք հրաժարվում եք, մեզ պարտադրում եք, որ մենք չաշխատենք: Ոչ: Մեզ ժողովուրդն ընտրել է, որ աշխատենք, որ ժողվորդի մատից փուշ հանենք»:
Նշենք, որ ԱԺ հինգ խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Օրինաց երկիր», Հ. Յ. Դաշնակցություն և ՀԱԿ, հայտարարել էին ԱԺ Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի կազմից դուրս գալու մասին:
«Մենք կգտնենք ելքեր, որոնք չեն հակասի օրենսդրությանը»,- ավելի վաղ հայտարարել էր ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովն ունի 11 անդամ, որտեղ 5 անդամը միայն Հանրապետական խմբակցության պատգամավորներն են, և հանձնաժողովում քվորումը հնարավոր է միայն անդամների կեսից ավելիի դեպքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները