ԱՄՆ-ն և Ֆիլիպինները ռազմական համագործակցության նոր պայմանագիր են կնքել
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում ԱՄՆ-ի և Ֆիլիպինների միջև ստորագրված պայմանագրով ԱՄՆ-ն իրավունք է ստացել տասը տարվա ընթացքում օգտագործել Ֆիլիպինների ռազմական օբյեկտները` առանց մշտական զորքերի տեղակայման: Այս մասին տեղեկացնում է «Իտառ-տասս» լրատվական գործակալությունը:
Ռազմական համագործակցության նոր պայմանագիրը ստորագրվել է Ֆիլիպիններ կատարած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցի շրջանակներում: Նոր պայմանագրի համաձայն ԱՄՆ զինված ուժերը կարողանալու են օգտագործել Ֆիլիպինների ռազմական օբյեկտները, սակայն այն պայմանով, որ չեն տեղակայելու մշտական զորքեր, ինչպես նաև Ֆիլիպինների տարածք չեն բերելու միջուկային զենք:
«Մեր զորքերը չեն տեղակայվելու այնտեղ, այլ միայն ծառայեցվելու են համատեղ զորավարժությունների և վարժանքների անցկացման համար»,- նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Միաժամանակ փոխանցվում է, որ բոլոր ռազմական օբյեկտները, որտեղ գտնվելու են ամերիկյան զորքերը շարունակելու են մնալ Ֆիլիպինների վերահսկողության տակ: Ռազմական համագործակցության համար պայմանագրով սահմանվել է 10 տարի ժամկետ, սակայն պայմանագիրը հնարավորություն է տալիս 10 տարին լրանալուց հետո երկարաձգել այն:
Փորձագետների գնահատականներով` համագործակցության այս ձևաչափը նպատակ ունի աստիճանաբար վերականգնել Ֆիլիպիններում ԱՄՆ ռազմական ներակայությունը, այն բանից հետո, երբ ամերիկյան ռազամական կոնտինգենտը Ֆիլիպիններում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության արդյունքում 1992 թվականին ամբողջությամբ դուրս բերվեց երկրից: Մյուս կողմից էլ նշվում է, որ ամերիկյան ռազմական ներկայության ավելացումը պայմանավորված է Ֆիլիպինների և Չինաստանի միջև Հարավ-Չինական ծովի ափամերձ կղզիների հետ կապված խնդիրներով, ինչպես նաև Ֆիլիպինների հարավում Ալ-Քաիդայի ռազմական խմբավորումների գործունեությամբ: Նկատենք, նաև որ միչև 1992 թվականին զորքերի դուրս բերումը` Ֆիլիպինները հանդիսանում էր տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական հենասյունը: