ԱԺ նախագահի քվեարկության արդյունքները կանխորոշված են. Ա.Ռուստամյան
ՀՅԴ-ն ոչ միայն չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը, այլև սեփական թեկնածուն չի առաջադրելու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը.
«Դեռևս այս գումարման ԱԺ առաջին նստաշրջանում, երբ ձևավորվում էին մարմինները, տեղակալները և այլն, մենք դեռ այդ ժամանակ ասացինք, որ չենք մասնակցելու ձևական միջոցառումների, որտեղ արդյունքները կանխորոշված են: Իսկ այստեղ մենք կասկած չունենք, որ ԱԺ նախագահի քվեարկության արդյունքները կանխորոշված են»,- իրենց դիրքորոշումը պարզաբանեց Ա.Ռուստամյանը:
Պատգամավորը նշեց նաև, որ քառյակը այս հարցով չունի միասնական դիրքորոշում, պարզապես տեսակետները փոխանցել են մեկը մյուսին:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Գալուստ Սահակյանը, ում այդ պաշտոնում առաջադրելու է ՀՀԿ-ն, կկարողանա շարունակել Հովիկ Աբրահամյանի որդեգրած ԱԺ դերակատարման բարձրացման քաղաքականությունը, դաշնակցական պատգամավորը նշեց, որ Գ.Սահակյանը երկու կարևոր հատկանիշ ունի՝ նա ունի փորձ և հնարավորություն հարթելու գրեթե անհնարին թվացող տարաձայնությունները:
«Իսկ սա խոսում է իսկապես քաղաքական գործչի երկարամյա փորձի մասին: Սա հնարավորություն կտա, կարծում եմ, պահպանել ինչ-որ կոնսենսուսների հասնելու մթնոլորտը ԱԺ-ում, որը դրական է»,- ասաց Ա.Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է խորհրդարանական օրվա երկրորդ իրադարձությանը՝ ՕԵԿ-ի հայտարարությանը այսուհետ ընդդիմություն լինելու մասին, Ա.Ռուստամյանն ասաց, որ ուրիշներին չի գնահատում, բայց մի բան հստակ է. «Թող իրենք իրենց պահվածքով, քայլերով վաստակեն ընդդիմություն լինելը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները