Թուրք բլոգեր. «Պարոն վարչապետ, մենք չենք հավատում Ձեր անկեղծությանը»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 23-ին հղած ցավակցական ուղերձի արձագանքները շարունակվում են:
Թուրքական «Ռադիքալ» թերթի սյունակագիր Ջեմ Աքբալիքը դրական չի արտահայտվել Էրդողանի ուղերձի մասին:
«Պարոն վարչապետ, մենք չենք հավատում Ձեր անկեղծությանը» վերտառությամբ հոդվածում բլոգերը նշում է, որ սկզբում, իսկապես, անակնկալի էր եկել` տեսնելով հումանիզմի ու դեմոկրատիայի դիրքերից արված վարչապետի ցավակցությունը:
«Կանգ առա ու մտածեցի. միտս եկան նախկինում ձեր հայտարարած կարգավորման նախաձեռնությունները` քրդական, ալևիական, ժողովրդավարական... Մարդիկ չգիտեմ, բայց ես ձեր ասածները ընկալում եմ որպես ժամանակ շահելու և վարկանիշը բարելավելու հնարք: Իսկ թե ինչ է եղել ձեր վարկանիշին, դուք դա ինձանից շատ ավելի լավ գիտեք»,- գրում է բլոգերը և հիշեցնում, թե ինչպես 2013-ի ամռանը Գեզիի հակակառավարական ցույցերի ժամանակ ի ցույց դրվեց Էրդողանի վարչակազմի իրական ավտորիտար էությունը:
Ըստ Աքբալիքի` Էրդողանի ուղերձը վստահություն չի ներշնչել հատկապես այն բանից հետո, երբ նա լրագրողների հետ զրույցում դարձյալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շաղկապել է ղարաբաղյան հիմնախնդրի հետ:
«Միանգամից տպավորություն է ստեղծվում, որ ձեր ուղերձն անկեղծ չէր: Այն ընկալվեց իբրև Հայոց ցեղասպանության հետ կապված միջազգային ճնշումները մեղմացնելու համար կատարված հնարք»:
Այնուհետեև թուրք բլոգերը հակիրճ թվարկում է բոլոր այն իրողությունները, որոնց պատճառով էլ Էրդողանն այլևս չունի վստահության պաշար իր անկեղծության հանդեպ:
Հրանտ Դինքը սպանվել է Էրդողանի վարչապետության ժամանակ ու մինչև օրս իրական հանցագործները և պատվիրատուները հայտնաբերված չեն: «Էրգենեքոն»-ի քրգործով դատապարտվածները, ովքեր մեղադրվում էին «զուգահեռ պետությանը» մաս կազմելու մեջ, հիմա ազատ են արձակվում: Էրդողանը սպառնում է երկրից վռնդել քաղաքացիություն չունեցող հայերին: Աջակցություն է ցուցաբերում հայաբնակ Քեսաբի վրա զինված հարձակում կազմակերպող ջիհադականներին և այլն:
«Կարճ ասած, պարոն վարչապետ, այս երկրում ապրող ժողովուրդները Ձեր խոսքերին չեն հավատում, ձեր անկեղծությանը չեն հավատում»,- ամփոփում է բլոգերը` ընդգծելով, որ Էրդողանն իրականում վախենում է տապալվելուց, քանի որ քաջ գիտակցում է, որ այդ դեպքում ուղղակի կհայտնվի բանտում: