ՄԱԿ-ի համատեղ առաքելությունը Սիրիային կոչ է անում արագացնել քիմիական զենքի դուրսբերումը
Սիրիայի քիմիական զենքի մոտ ութ տոկոսը դեռ մնում է երկրի տարածքում և հնարավորինս կարճ ժամկետում պետք է դուրս բերվի` չնայած անվտանգության ծանր պայմաններին: ՄԱԿ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելության ղեկավար Սիգրիդ Քաագը:
Նա կոչ է արել սիրիացի գործընկերներին ավարտել մնացած թունաքիմիկատների դուրսբերումը:
«Դա համատեղ առաքելության հույսն է և ակնկալիքն է, որ Սիրիայի արաբական հանրապետությունը շատ արագ կձեռնարկի վերջնական քայլերը»,-ասել է Քաագը` հիշեցնելով, որ ջանքեր պետք է ներդնել վերջնաժամկետին` 2014 թվականի հունիսի 30-ին, հասնելու համար:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ առաքելությունը հայտարարել էր, որ Սիրիայից դուրս է բերվել և ոչնչացվել քիմիական նյութերի 92.5 տոկոսը: