Հնդկաստանին թուլացնելու նպատակով Պեկինը սերտացնում է կապերը Պակիստանի հետ
Պակիստանը առաջին անգամ Չինաստանի տարածքում կառուցել է իր առևտրային պալատը, ինչը կխթանի պակիստանա-չինական տնտեսական կապերը և նոր լիցք կհաղորդի Պեկինի և Իսլամաբադի փոխգործակցությանը:
Չինաստանի Սյանգան նահանգում բացված առևտրային պալատը թույլ կտա ավելացնել պակիստանյան ապրանքների հոսքը դեպի հսկայական չինական շուկա:
Պակիստանի և Չինաստանի հարաբերությունները տասնամյակներ շարունակ ակտիվորեն զարգանում են և երկրների ղեկավարները պակիստանա-չինական հարաբերությունները գնահատում են որպես ռազմավարական:
Պատահական չէ, որ Պակիստանի նորընտիր նախագահ Մամնուն Հուսեյնը իր օտարերկրյա առաջին այցը կատարել է Չինաստան՝ընդունելով այդ երկրի առաջնորդ Սի Ձինպինի հրավերը:
Այցի նախօրեին Պակիստանի նախագահը հայտարարել էր, որ երկրների միջև ստորագրվել են բազմաթիվ համաձայնագրեր էներգետիկայի, արդյունաբերության և առևտրի ոլորտում: Մ.Հուսեյնը նշել է, որ շուտով Պակիստանի և Չինաստանի միջև ձևավորվելու է առևտրա-տնտեսական միջանցք:
Իր հերթին, Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը անդրադառնալով Պակիստանի հետ իր երկրի հարաբերություններին Հուսեյնի հետ հանդիպմանն նշել էր, որ Պեկինը դիտարկելու է Պակիստանի հետ ռազմավարական հարաբերությունների խորացումը որպես Չինաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:
Նրա խոսքերով, Չինաստանը հետագայում ևս զարգացնելու է ջերմ և բարեկամական կապերը Իսլամաբադի հետ:
Երկկողմ ապրանքաշրջանառությունը Պակիստանի և Չինաստանի միջև տարեկան աճել է 20%-ով և 2013թ.-ի տվյալներով հասել է 12 միլիարդ դոլարի: Չինաստանը Պակիստանի 2-րդ առևտրային գործընկերն է: Իսլամաբադի և Պեկինի միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների խորացմանը նպաստել է նաև 2006թ.-ին կնքված ազատ առևտրի մասին համաձայնագիրը:
Երկկողմ տնտեսական ամենակարևոր նախագծերից է Պակիստանի տարածքում Գվադար նավահանգստի շինարարությունը, որը թույլ կտա Պարսից ծոցից դեպի Չինաստան առաքվող նավթը տեղափոխել հենց պակիստանյան տարածքով: Գվադար նավահանգստի շինարարությամբ Չինաստանը կապահովի իր արևմտյան շրջանների ելքը դեպի Արաբական ծով և Պարսից ծոց:
Պակիստանի տարածքում գտնվող Գվադար նավահանգիստը ունի Չինաստանի համար նաև ռազմական նշանակություն, քանի որ այդ նավահանգստում հետագայում կարող են տեղակայվել չինական ռազմանավերը և հակակշռեն Հնդկաստանին և այդ երկրի ռազմածովային ուժերի ներկայությանը Հնդկական օվիանոսում:
Չինաստանի և Պակիստանի ռազմավարական հարաբերությունները խորանում են ի հակակշռիռ Հնդկաստանի հզորացմանը և տարածաշրջանում Դելիի դիրքերի ամրապնդմանը: Պակիստանա-հնդկական հակամարտությունում Պեկինը աջակցում է Իսլամաբադին՝ ցանկալով թուլացնել իր տարածաշրջանային գլխավոր մրցակից՝Հնդկաստանին: Պակիստանա-չինական կոալիցիան ուղղված է Հնդկաստանի դիրքերի թուլացմանը և Հնդկաստան-ԱՄՆ-Ճապոնիա կոալիցիային հավասարակշռելուն:
Պակիստան-Չինաստան հարաբերություններում առևտրա-տնտեսական, էներգետիկ և այլ կապերին զուհագեռ մեծ տեղ է հատկացվում նաև ռազմա-տեխնիկական համագործակցությանը: Ռազմական համագործակցության մեկնարկը տրվել է 1966թ.-ին: Այս պահին Պեկինի և Իսլամաբադի միջև կնքված են բազմամիլիարդանոց համաձայնագրեր ռազմա-տեխնիկական ոլորտում: Չինաստանը հանդիսանում է Պակիստան առաքվող ռազմական տեխնիկայի գլխավոր մատակարարը:
Պակիստանում չինական կործանիչներ են արտադրվում, չինական կողմը Պակիստան է առաքում նաև ՀՕՊ համակարգեր և զրահատեխնիկա:
ԱՄՆ-ը և Հնդկաստանը բացասական են վերաբերվում Չինաստանի և Պակիստանի ռազմական կապերին և զգուշանում են պակիստանյան Գվադար նավահանգստում չինական ռազմաբազայի և սուզանավերի կայանատեղիի կառուցման ծրագրերից:
Արտյոմ Բալասանով
Նախորդող հրապարակումներ՝
Չին-ճապոնական պատերազմի դեպքում ԱՄՆ-ն կպաշտպանի Տոկիոյին
Ճապոնա-չինական հարաբերությունները կրկին սրվել են Յասուկունի տաճարի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան