«Կառավարության առաջին քայլը». Խորհրդարանին ներկայացվեց «կուտակայինին» վերաբերող օրինագիծը (Տեսանյութ)
«Սա համարում ենք առաջին քայլ` խնդիրներին ամբողջական լուծում տալու ճանապարհին», -հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ներկայացնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի քննարկումն Ազգային ժողովում մեկնարկեց ու մի քանի րոպե անց էլ ընդհատվեց` ԱԺ հայտարարությունների պատճառով:
Ասատրյանի խոսքով, օրինագիծը մշակվել է վերջին օրերին շահագրգիռ կողմերի ու քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքում:
«Կառավարության նիստի ընթացքում այն հիմնական ուղերձները, որոնք ներկայացվեցին հետևյալն են` կենսաթոշակային բարեփոխումները կենսական անհրաժեշտություն ունեն մեր երկրի համար, և մենք պարտավոր ենք ապահով ու արժանապատիվ ծերություն ապահովել մարդկանց համար: Մյուս ուղերձը, որը վարչապետի կողմից արվեց, ԱԺ-ին նոր նախագիծ ներկայացնելն էր, որով կկասեցվի տույժերի հաշվարկը», -հայտարարեց Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով, ԱԺ-ի դատին ներկայացված նախագիծը «առաջին միջանկյալ քայլ է» խնդիրների լուծման ճանապարհին: Իսկ խորհրդարանին ներկայացվող նախագծով առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Սույն օրենքի 76-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2014 թվականի սեպտեմբերի 30-ից»: «Սա նշանակում է, որ Սահամանդրական դատարանի որոշումից հետո ընկած ժամանակահատվածում, քանի դեռ կասեցված էր այդ դրույթի գործողությունը, առաջարկվում է ժամկետը տեղափոխել` մինչև նոր օրենքի փաթեթ կներկայացվի: Մինչ այս ընկած ժամականահատվածի համար պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է պարտադիր կուտակային վճար չկատարելու կամ ուշացումով ատարելու համար օրենքով նախատեսված պարտավորությունից»:
Նա բացատրեց նաև «պարտադիր, բայց ոչ պարտադրված» կենսաթոշակային համակարգ կոչված երևույթը, որի մասին իր հայտարարության մեջ կառավարությա նախորդ նիստում խոսել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Այսօր գործող համակարգը, եթե չդիտարկենք պարտադիր բաղադրիչը, ևս պարտադիր համակարգ է: Մինչ այժմ կատարվող սոցիալական վճարումները անդեմ էին ու պարտադիր կատարվում էին պետական բյուջե և բնականաբար, ձևախեղված էր համակարգը ու վճարում կատարողը իրավունք չէր ձեռք բերում իր կատարած վճարումների նկատմամբ, այլ ձեռք էր բերում համապատասխան ստաժ, որը հետագայում պետք է անդրադառնար իր կենսաթոշակային իրավունքի վրա: Այդ պարտադիր համակարգը ընդունելի չէր մեր քաղաքացիների համար»,- ներկայացրեց Ասատրյանը` նշելով, որ այս համակարգը փոփոխության ենթակա է և կարծես բոլորն են կողմ, որ այն փոխվի:
Նա հավելեց, որ կառավարությունը պատրաստակամ է համակարգի հետ կապված բոլոր խնդիրները քննարկել ու գտնել բոլոր կողմերի համար ընդունել համակարգ ձևավորելուն ուղղված լուծումները: Նախարարը տեղեկացրեց, որ կենսաթոշակային ֆոնդեր ընտրած 127 հազար քաղաքացիների համար պետական բյուջեից ևս վճարումներ կատարվել են:
«Մյուս կողմից հասկանում ենք, որ խնդիրը պետք է ստանա ամբողջական լուծում և մենք պատրաստ ենք կողմերի հետ լիարժեք քննարկել դրանք, տալ լուծումներ: Խնդրում ենք այս նախաձեռնությունը համարել առաջին քայլ այդ քննարկումների դաշտը ձևավորելու ճանապարհին», -ելույթը եզրափակեց նախարար Ասատրյանը:
Հարակից հրապարակումներ`
Վարչապետը հրապարակել է 7 դրույթ` կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը կազմակերպելու համար
«Կուտակայինի» մասին օրինագիծը խորհրդարանում կքննարկվի հատուկ ընթացակարգով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները