Տիգրան Սարգսյանը դադարեցրել է իրեն պատկանող լրատվամիջոցների ֆինանսավորումը
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դադարեցրել է ATV հեռուստաընկերության, և իրեն պատկանող էլեկտրոնային մի շարք կայքերի և օրաթերթերի ֆինանսավորումը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնից անակնկալ հրաժարական տված Տիգրան Սարգսյանը նման անակնկալ ձևով էլ հրաժարվել է մեդիաոլորտից: Բանն այն է, որ Տ. Սարգսյանը այլևս չի ցանկանում ֆինանսավորել ATV հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, էլեկտրոնային մի շարք կայքերի և օրաթերթերի: Թերթի տեղեկություններով՝ Տ. Սարգսյանը տևական ժամանակ չի լինելու քաղաքական դաշտում: Օրերս նա պատրաստվում է մեկնել Արցախ՝ հանգստանալու: Նախատեսված է, որ մոտ 10-15 օր հետո նոր Տ. Սարգսյանը վերադառնալու է ԼՂՀ-ից ու կհայտարարի, թե ինչով է ցանկանում զբաղվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչ այժմ նախկին վարչապետը չի որոշել, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու, արդյոք դիվանագիտական աշխատանքներ իրականցնելու է, թե ՀՀ-ում որևէ այլ գործունեություն է ծավալելու: Նախկին վարչապետը սպասում է նոր առաջարկների: