«Շատ դժվարություններ են քաշել, գետնին են քնել». 22 քեսաբահայերը դեռ Վաքըֆ գյուղում են
Թուրքիայի Վաքըֆ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում ապաստանած 22 քեսաբահայերը սպասում են Լիբաբանանի կառավարությանն ուղարկված գրության պատասխանին և հրամանին, որպեսզի տեղափոխվեն Բեյրութ: Տարեց քեսաբահայերը փաստաթղթեր չունեն, այդ պատճառով էլ չեն կարողանում հեռանալ Վաքըֆից:
Սուրբ Աստվածածին եկեղեցու ատենապետ Ճէմ Չափարը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արդեն 15 օր է, ինչ այդ գրությունն ուղարկել են: Նա ընդգծեց, որ հարցով զբաղվում են Պոլսո Հայոց պատրիարքարանն ու Անթիլիասի կաթողիկոսությունը:
«Քեսաբահայերը լավ են հիմա, եկեղեցին երկու շենք ունի, այդ շենքերում են տեղավորվել»,-նշեց ատենապետ Ճէմ Չափարը:
«Առաջին օրը որ եկան, շատ անհանգիստ էին: Ցավալի էր, 15 օր բռնված էին, մորուքավորների ձեռքն էին, բայց հիմա ավելի հանգիստ են: Հայկական գյուղում են, մեր Մուսալեռի ու Քեսաբի բարբառը նույնն է, շփվում ենք, լավ հասկանում ենք իրար: Մեր գյուղի մարդիկ այցելում են իրենց, հետաքրքրվում, զրուցում: Միասին ենք ճաշում: Մի խոսքով, իրենց համար լավ է: Բայց դե ընտանիքներից, տներից զատված են, դժվար է, շատ դժվար է իրենց համար»,-ասաց նա:
Նա նշեց, որ տարեցներն էլ են ասում, որ հանգիստ են, սոված չեն, բայց ընտանիքներից հեռու լինելու պատճառով մտահոգ են շատ. «Սահմանը Վաքըֆ գյուղին մոտ է: Ահաբեկիչները 15 օր պահելուց հետո Թուրքիայի սահմանն են անցկացրել տարեցներին, որտեղից էլ նրանց տարել են թուրքական բանտ: Դրանից հետո արդեն Պոլսո պատրիարքարանի հեռախոսով կապվել է Թուրքիայի կառավարության, ապա Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ և ասել, որ պատրաստվեն դիմավորել հայերին»:
Մարդիկ ավելի քան 15 օր ավտոտնակում, ապա թուրքական բանտում մնալուց հետո են միայն հասնում գյուղ:
«Շատ դժվարություններ են քաշել, գետնին են քնել, չեն իմացել ինչ պիտի լինի հետոն` կսպանե՞ն իրենց, թե՞ ողջ կմանան: Իրենց սկզբում Քեսաբ են տարել, եկեղեցի: Ցույց են տվել, որ եկեղեցին կանգուն է, բայց խաչերը կոտրված, իսկ Աստվածածնի նկարն իջեցված, գետնին է եղել»,- պատմեց Վաքըֆ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու ատենապետը:
Հ.Գ. Եկեղեցու ատենապետը նշեց, որ Չափար ազգանունը թուրքական է, թուրքական կառավարության կողմից է ստացված, բայց ինքը Մուսալեռից է, հայկական ազգանուն ունի` Բենենյան:
Թուրքիայի Վաքըֆ գյուղում 130 հայ են մնացել` 35 ընտանիք:
Նախորդիվ`
Հ. Հակոբյան. Վաքըֆում գտնվող քեսաբահայերը խնդրում են իրենց տեղափոխել Թուրքիայից
Քեսաբահայ երիտասարդը սպանվել է. «Շփոթել են սիրիական բանակի զինվորի հետ»
Քեսաբահայ երիտասարդի մահվան մասին լուրերը դեռ չեն հաստատվել
Ֆիրդուս Զաքարյան. Եթե ցանկանան, կարող ենք ընդունել քեսաբահայերին, անպատրաստ չենք
Առանց տան, դպրոցի և անորոշության մեջ. Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերը
ԵԽԽՎ-ում ընդունվեց Քեսաբի դեպքերը դատապարտող հայտարարությունը
Քեսաբում մնացած 38 քեսաբցիներից 20-ն ազատ է արձակվել
«Երկակի ստանդարտների և անպատժելիության հետևանք». Քեսաբի իրադարձությունները
Քեսաբից տարհանված ընտանիքը Հայաստանում է, բայց երազում է իր տուն վերադառնալու մասին
«Քեսաբում ռազմական գործողություններին զուգահեռ քարոզչական պատերազմն ավելի ընդգրկուն է»