Ոչ թե փոփոխություն, այլ լճացում. քաղաքագետը՝ ձևավորվող կառավարության մասին
«Քաղաքական իրավիճակը բարելավվում է, երբ փոփոխություններ են լինում, իսկ հակառակ դեպքում քաղաքական իրավիճակը լճանում է: Նոր կառավարության ձևավորմամբ որևէ փոփոխություն տեղի չի ունենա, այլ տեղի է ունենում լճացում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Գեղամ Նազարյանը:
Ըստ նրա, լճացման հետևանքները հասարակությունը թե տնտեսական, թե քաղաքական ցուցանիշներով կզգա իր մաշկի վրա: Քաղաքագետի խոսքով, 2015 թվականին սպասվում են նոր զարգացումներ:
Ասուլիսին ներկա քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասաց, որ փոխելով վարչապետին ու կազմելով նոր կառավարություն, նախագահ Սերժ Սարգսյանը նպատակ ունի ավելի կայուն քաղաքական հենարան ստեղծել առնվազն մինչև խորհրդարանական ընտրությունները. «Հույսեր կային, որ նոր վարչապետը կկազմեր ավելի լայն կոալիցիա՝ ընդգրելով ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին: Սակայն դա չհաջողվեց, բայց առնվազն կարճաժամկետ ապագայում այդ երկու քաղաքական ուժերը դրական վերաբերմունք կպահպանեն նոր կառավարության հանդեպ»:
Քաղաքագետի խոսքով, Հովիկ Աբրահամյանը, թեև հասարակության լայն շրջանակներում դրական ընկալում չունի, բայց քաղաքական գործիչ է, որ կարող է համաձայնեցված մեխանիզմներով գործել տարբեր քաղաքական ուժերի հետ, մինչդեռ տնտեսական բնագավառում, ելնելով ներքին ու արտաքին գործոններից, հնարավոր է բացասական զարգացումներ: