Սերգեյ Մինասյան. ՄՄ հիմնադիր երեք նախագահների այսօրվա հանդիպման ժամանակ հնարավոր են անակնկալ հայտարարություններ
Այսօր Մինսկում կայանալիք Մաքսային միության հիմնադիր երեք նախագահների՝ Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հանդիպման ժամանակ հնարավոր են որոշ անակնկալ հայտարարություններ, քայլեր լինեն կապված այդ եռյակի միջև անձնական, քաղաքական խնդիրների հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա, երեք նախագահների միջև լուրջ խնդիրներ կան ու այսօրվա նրանց հանդիպումը առաջինն է լինելու ուկրաինական դեպքերից հետո:
Նշենք, որ այսօր Մինսկում կայանալու է Մաքսային միության և Միացյալ տնտեսական տարածքի ղեկավար մարմնի՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցելու են Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները: Հայաստանն այդ հանդիպմանը չի մասնակցում:
«Քաղաքական խնդիրներն այնքան շատ են, որ, չեմ էլ կարծում, որ բացի Հայաստանի կողմից Մաքսային միությանը միանալու ճանապարհային քարտեզի կատարած աշխատանքների քննարկումներից այլ հարցեր լուծվի այս հանդիպման ժամանակ»,- ասաց նա: