Գարիկ Հայրապետյան. Անպտղության խնդիրն անապահով ընտանիքների մոտ ավելի շատ է
Հայաստանում անպտղության ցուցանիշը 17 տոկոս է: Առաջնային անպտղությունը 5 տոկոս է, երկրորդայինը՝ 12: Տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Նա նշեց, որ երկրորդային անպտղության պատճառները աբորտն ու սեռավարակներն են: Ամեն երրորդ անպտուղ կինը աբորտ է կատարել: Հատկապես ոչ պրոֆեսիոնալ կատարված աբորտներն ազդում են անպտղության վրա:
Գարիկ Հայրապետյանի խոսքով, նաև տեղեկացվածության լուրջ խնդիր կա, անպտուղ կանանց մեծ մասը պարզապես տեղյակ չէ, որ դա իր մոտ առկա սեռավարակի հետևանք է:
«Կանանց մոտ առաջնային անպտղությունն ավելի բարձր է, քան տղամադկանց մոտ: Երկրորդայինի դեպքում գրեթե հավասարվում է: Կանայք մոտ 60 տոկոս, տղամարդիկ 40 տոկոս անպտղության ցուցանիշ ունեն: Անպտղության հարցում երկուսի մոտ էլ հավասարապես կարող է լինել խնդիրը: Սեռավարկները ամենից հաճախ հենց տղամարդիկ են տարածում»,- ասաց նա և ավելացրեց, որ կանխարգելելը միշտ ավելի հեշտ է երկուսի դեպքում էլ:
Նա նշեց, որ անպտղության ամենաբարձր ցուցանիշերը Երևանում, Արմավիրի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում են: Շիրակի և Գեղարքունիքի մարզերում միգրացիայով պայմանավորված սեռավարակներն են տարածված, դրա համար էլ անպտղությունը բարձր է: Արմավիրում դեռ պատճառները հստակ չեն՝ ատոմակայան, թմրամիջոցներ, բայց սա ենթադրություն է, հետազոտություն չկա:
«Մենք փորձում ենք հասկանալ ինչ ազդցություն է ունենում հանքարդյունաբերությունն անպտղության վրա: Նախնական թվերով, որոշակի տարբերություն կա, բայց դա ապացուցման և անալիզի կարիք ունի»,- ասաց Գարիկ Հայրապետյանը:
Անդրադառնալով հակաբեղմնավորիչներին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչն ասաց, որ ժամանակակից հակաբեղմնավորիչ հաբերի կողմնակի ազդեցությունը մինիմալի է հասցված:
Նրա բնորոշմամբ, ռիսկային է նաև աբորտի համար նախատեսված դեղամիջոցը, արյունահոսությունների դեպքերը ավելացել են, դրանք ևս նպաստում են անպտղությանը. «Այդ առումով դրական քայլ կա, նախատեսվում է սահմանափակում մտցնել, և դրանց վաճառքը կլինի միայն դեղատոմսով»:
Հակաբեղմնավորիչների հասանելիությունն է նաև խնդիր, քանի որ դրանք հասանելի և մատչելի չեն: Բոլոր դեղատներում կան, բայց վաճառվում են կոմերցիոն գներով:
«Անպտղությունը հիմնականում անապահով ընտանիքների մոտ կա, իրենք չեն կարողանում գնել հակաբեղմնավորիչներ, աբորտներն էլ հաճախ են լինում: Պետք է ծրագիր լինի, որ նրանց անվճար տրամադրվեն այդ պարագաները»,- նշեց բանախոսը:
Գարիկ Հայրապետյանը հայտնեց, որ այս տարվանից սկսած ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և Առողջապահության նախարարության հետ համատեղ կներդնեն այդ համակարգը, որպեսզի որոշակի կետերում հասանելի լինեն հակաբեղմնավորիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա