«Հարսնաքարի» գործով դատարանում կատարված միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված «Հարսնաքարի»-ի քրեական գործով դատական նիստի ձայնային արձանագրման կրիչում առկա տվյալները, և նախապատրաստված նյութերը ըստ ընդատության ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի Նոր Նորքի քննչական բաժին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Նախապատրաստված նյութերով, ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում, ապրիլի 22-ին, հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ»: Քրեական գործով դատավարական հսկողությունն իրականացնում է ՀՀ դատախազության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը:
Ըստ աղբյուրի, քրեական գործի շրջանակներում մեղադրանք դեռևս առաջադրված չէ որևէ անձի, ձերբակալված և կալանավորված անձինք նույնպես չկան: Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ Panorama.am-ը ներկայացրել էր այս գործով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցածը. դատավճռի հրպարակման ընթացքում ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը, նայելով տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի ուղղությամբ, սկսեց հայհոյել նրան, նրա ընտանիքի անդամներին ու սպառնալ: Այնուհետև, Հայրապետյանին շարունակեց ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը. նա նախ հրեց իր դիմաց դրած սեղանը և փորձեց հարձակվել Եգորյանի վրա, սակայն ոստիկանները կանխեցին նրա գործողությունները և բոլոր ամբաստանյալներին հեռացրին դատական նիստերի դահլիճից:
Մյուս ամբաստանյալները համեմատաբար հանգիստ ընդունեցին վճիռը, սակայն երկար ժամանակ չէին կարողանում հանգստացնել Գարիկ Մարգարյանի մորը, որը նյարդային վիճակում անիծում էր թե դատավորին, թե տուժող կողմի ներկայացուցչին: Նա նույնիսկ դատավորի ուղղությամբ ծանր իր նետեց, որը սակայն դիպել էր դատական քարտուղարի սեղանին: Դատական կարգադրիչներն ու ոստիկանները կնոջը հեռացրին նիստերի դահլիճից, և դատավոր Դավիթ Հարությունյանը շարունակեց կարդալ վճիռը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները