ԵԱՀԿ երևանյան գրասենյակն աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություններին
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, «Հույսի կամուրջ» ՀԿ-ն և Հայաստանում Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակն այսօր քննարկել են հաշմանդամություն ունեցող անձանց բարձրագույն կրթության հնարավորությունները, խնդիրներն ու մարտահրավերները` նպատակ ունենալով ստեղծելու տեղեկատվության և մտքերի փոխանակման հարթակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներն ավելի արդյունավետ հոգալու համար: Այս մասին տեղեկացնում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:
«ԵԱՀԿ-ն իր 57 մասնակից պետություններում խթանում է ներառումը՝ որպես ժողովրդավարացման նախադրյալ: Կրթության մատչելիությունը կարևոր է հատկապես հաշմանդամների համար»,- նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերի ղեկավար՝ Օլիվեր Մակքոյը: «Ես ուրախ եմ մասնակցել այսօրվա քննարկմանը և կարծում եմ, որ սա երկխոսության այն տեսակն է, որի կարիքը կա Հայաստանի կրթական հաստատությունների հետագա զարգացման համար»:
Հայաստանում Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան հավելել է. «Ծրագիրը նպատակ ունի խթանելու և զարգացնելու հատուկ կարիքներ ունեցող անձնաց կրթական հնարավորությունները: Կրթական հաստատություններում պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ կբարձրանա այդ անձանց ներգրավվածությունը հասարակական կյանքին: Անհրաժեշտ է ապահովել հատուկ կարիքներ ունեցող անձանց իրավունքները»:
Միջոցառումն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձանց կրթական իրավունքի ազգային իրազեկման օրվա և «Հատուկ կարիքներով անձանց հասանելիությունը հասարակությանը» (ՀԿԱՀՀ) ծրագրի շրջանակներում: Վերջինս ներառում է Եվրասիա միջազգային համալսարանի կողմից համակարգվող տեղեկացվածության բարձրացմանն ուղղված տարբեր միջոցառումներ՝ հայաստանյան բարձրագույն կրթական հաստատություններում:
Քննարկմանը մասնակցում են Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների, ինչպես նաև ՀԿ-ների և նախարարությունների ներկայացուցիչներ, որոնք կարևորում են հաշմանդամություն ունեցող անձանց ներառական կրթության, հասարակությունում ինտեգրման և նրանց հանդեպ խտրականության բացառման անհրաժեշտությունը: