Արաբագետ. Բաշար ալ-Ասադը կստանա ընտրողների մեծամասնության վստահության քվեն
«Սիրիայում առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահ Բաշար ալ-Ասադից բացի, իրենց թեկնածություններն են առաջադրել ևս 10 գործիչ, այդ թվում երկու կին: Նախագահական ընտրությունների անցկացումն ու ընտրողների քվեն շատ կարևոր են Բաշար ալ-Ասադի համար, ինչը ի ցույց կդնի վերջինիս լեգիտիմությունը Սիրիայի նախագահի պաշտոնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Նրա դիտարկմամբ՝ Սիրիայի տարածքը դժվար է պատկերացնել որպես մեկ միասնական ընտրական միավոր, որտեղ հունիսի 3-ին կլինեն համընդհանուր, համապետական ընտրություններ, քանի որ երկրում շարունակվում են ռազմական գործողությունները:
«Փորձագետների մեծ մասը այն կարծիքին է, որ վարչակարգի վերահսկողության տակ գտնվող հատվածներում ընտրատեղամասեր այցելությունը կլինի բարձր, և գործող նախագահը կստանա միգուցե ոչ անցած ընտրությունների նման, սակայն ընտրողների մեծամասնության վստահության քվեն: Այս համատեքստում Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այն տարածքներում, որոնք կառավարական ուժերի վերահսկողության տակ են: Այն տարածքները, որտեղ ընդդիմադիրներն են` ընտրություններ չի լինելու»,- նշեց Ս. Գրիգորյանը:
Ըստ բանախոսի՝ Սիրիայի նախագահի ընտրությունների մոտենալուն պես ռազմական գործողությունները առավել ինտենսիվ բնույթ են ստանում և լայն աշխարհագրություն են ընդգրկում: Արաբագետի խոսքով՝ բախումները շարունակվում են երկրի հարավում` Դամասկոսից հարավ ընկած հատվածներում, կենտրոնական հատվածներում` Լիբանանի հետ սահմանակից շրջաններում, Լաթակիայի հյուսիսում, մարտերը շարունակվում են հյուսիսում Իդլիբում և Հալեպում:
«Այս պահին արդեն ակնհայտ է նաև արտասիրիական հակաասադական շատ ուժային կենտրոնների համար, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, վաղուց արդեն չի տեղավորվում դասական հեղափոխության բնորոշման շրջանակների մեջ: Միգուցե 2011թ-ի գարնանն այն սկսվում էր որպես հեղափոխություն, սակայն այժմ դա պատերազմ է սիրիական իշխանությունների և ընդդիմադիր իսլամական ծայրահեղական խմբավորումների միջև: Վերջիններիս հաղթանակը սպառնում է կազմաքանդել ոչ միայն Սիրիան, այլև ողջ մերձավորարևելյան տարածաշրջանը»,- համոզմունք հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը: