ԱՄՀ. Ռուսաստանը ռեցեսիայի փուլում է
Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է Ռուսաստանի ՀՆԱ-ի 0.2% աճ 2014թ-ին (նախորդ կանխատեսումը` 1.3%): Կապիտալի արտահոսքը Ռուսաստանից կարող է կազմել 100 մլրդ դոլար: Հայտնում է «Վեդոմոստի» գործակալությունը` հղում կատարելով Ռուսաստանում ԱՄՀ-ի առաքելության ղեկավար Անտոնիո Սպիլիմբերգի հայտարարությանը:
Սպիլինբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը արդեն գտնվում է ռեցեսիայի փուլում:
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը արդեն վնաս է հասցրել տնտեսությանը և սպառնում է երկրում ներդրումների իրականացման գործընթացին: Ռուսաստանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները հնարավոր է ավելի վատթար արդյունքների հանգեն 2014թ-ի վերաբերյալ»- հայտարարել է Սպիլինբերգը:
Նրա խոսքերով` ԱՄՀ-ն ճիշտ քայլ է համարում ՌԴ կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքի բարձրացման ուղղված քայլերը, սակայն հնարավոր է դա բավարար չլինի: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ ինֆլյացիան Ռուսաստանում կազմում է 7.2%: Ընդ որում վերջին ամիսներին ռուբլու արժեզրկումը ևս ազդեցություն կունենա ինֆլյացիայի մակարդակի վրա:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին ԱՄՀ-ի կողմից հրապարակված տվյալներով կանխատեսված էր Ռուսաստանի տնտեսության 1.3% աճ, որը նոր հրապարակման մեջ նվազել է` հասնելով 0.2%-ի: Ինչպես մյուս մեկնաբանները, այդպես էլ ԱՄՀ-ի փորձագետները Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղեցումը պայմանավորում են ներդրումների ծավալների նվազմամբ: ԱՄՀ զեկույցում նշված է, որ կանխատեսումները Ռուսաստանի վերաբերյալ կարող են էլ ավելի վատթարանալ` կապված աշխարհաքաղաքական գործընթացների և կիրոռվող պատժամիջոցների հետևանքով: