«Հուսով եմ` նախագահ Օլանդը Լեյլայի հետ հանդիպում կպահանջի». միջազգային հանրությունը դատապարտում է Յունուսի ձերբակալումը
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսը, ԱՄՆ պետքարտուղարությունը, ԱՄՆ դեսպանատունը Ադրբեջանում և իրավապաշտպան կազմակերպությունները՝ Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն և «Human Rights Watch»-ը, դատապարտել են Ադրբեջանում Լեյլա Յունուսի ձերբակալումը:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսը իր մտահոգությունը և վրդովմունքն է հայտնել Լեյլա Յունուսի և նրա ամուսնու կալանավորման հետ կապված: Նիլս Մուիժնիեկսը իր հայտարարության մեջ նշել է, որ վրդովվել է, երբ իմացել է, որ Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն կանգնեցրել են Բաքվի օդանավակայանում:
«Դժբախտաբար, սա ևս մի օրինակ է, որը ցույց է տալիս Ադրբեջանում քննադատ ձայների նկատմամբ կիրառվող հալածանքների աստիճանը. խնդիրներ, որոնց ես բազմիցս անդրադարձել եմ: Իշխանությունները պետք է անհապաղ վերջ տան նման գործողություններին և հրատապ միջոցներ ձեռնարկեն խոսքի ազատության, հավաքների և միավորումներ կազմելու իրավունքը ապահովելու համար: Որպես Եվրոպայի խորհրդի անդամ` Ադրբեջանը պետք է ի կատար ածի մարդու իրավունքների ոլորտում իր պարտավորությունները»,- ասել է հանձնակատարը:
ԱՄՆ պետքարտուղարությունը նույնպես մտահոգություն է հայտնել Ադրբեջանում իրավապաշտպանների և լրագրողների հանդեպ աճող ճնշումների հետ կապված և կրկին կոչ է արել Բաքվի իշխանություններին ապահովել հարգանքը խոսքի ազատության, հավաքների և միավորումներ կազմելու իրավունքի նկատմամբ:
«Մենք չափազանց մտահոգված ենք քաղաքացիական հասարակության ակտիվիստների գործողությունների ազատության սահմանափակումով, ներառյալ մարդու իրավունքների պաշտպանների և անկախ լրագրողների ձերբակալությունները»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Էսթեր Ագբաժեն «Թուրան» ադրբեջանական գործակալության Վաշինգթոնի թղթակցի հետ զրույցի ժամանակ:
«Ինչպես Ռաուֆ Միրկադիրովի դեպքում, այնպես էլ հիմա, մենք անհանգստացած ենք Լեյլա Յունուսի և Արիֆ Յունուսի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների գործողություններով, որոնց պատճառը նրանց մասնակցությունն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված երկխոսության և վստահության ամրապնդման ծրագրեին»,- նշել է նա:
Ըստ ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության` Ադրբեջանի ԱՄՆ դեսպանատանից տեղեկացրել են, որ ամուսինների խնդրանքով Ադրբեջանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Դերեկ Հոգանը ապրիլի 28-ին օդանավակայանում հանդիպել է նրանց:
«Մենք նույնպես դիմել ենք Ադրբեջանի իշխանություններին այս հարցով: սակայն ինչպես Ռաուֆ Միրկադիրովի դեպքում, սյնպես էլ հիմա, մենք մտահոգված ենք, որ Ադրբջանի կառավարության կողմից օգտագործվող միջոցները կարող են կապված լինել Լեյլա Յունուսի և Արիֆ Յունուսի մասնակցությանը այն նախագծերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և վստահության ամրապնդմանը»:
Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն նույնպես դատապարտել է հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանավորումը և մտահոգություն է հայտնել նրա դեմ հնարավոր քրեական գործի հարուցման հետ կապված: Այս մասին ասվում է կոմիտեի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«Ինչքանով որ մեզ հայտնի է, հստակ մեղադրանքներ չեն առաջադրվել ոչ Լեյլա Յունուսի, ոչ էլ իր ամուսնու դեմ: Սակայն մենք մտավախություն ունենք, որ նրան կարող են ձերբակալել: Եթե նրան ձերբակալեն, նա Ադրբեջանում կլինի առաջին կին իրավապաշտպանը, ում դեմ այսպիսի լուրջ մեղադրանքներ են առաջադրվում»,- նշում է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն:
Ըստ հայտարարության`իրավապաշտպանի և նրա ամուսնու կալանավորումը կարող է կապված լինել ադրբեջանցիների և հայերի միջև երկխոսության ամրապնդմանը ուղղված իրենց երկար տարիների աշխատանքի հետ: Ընդամենը մի քանի օր առաջ երկխոսության մեկ այլ անդամ և Լեյլա Յունուսի գործընկեր Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել է «լրտեսության մեղադրանքով»: Նրան սպասվում է 7 տարուց մինչև ցմահ ազատազրկում:
Նորվեգիայի հելսինկայն կոմիտեն կոչ է անում բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին իրենց բողոքը հայտնել Լեյլա Յունուսի և Արիֆ Յունուսի կալանավորման, ինչպես նաև Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության հետ կապված: Առանց երկխոսության խաղաղություն չի լինի, դրա քրեականացումը ինքնին հանցագործություն է:
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես դատապարտել է Լեյլա Յունուսի կալանավորումը:
«Լեյլան և Արիֆը մեկնում էին Բրյուսելում կոնֆերանսի մասնակցելու համար: Ոչինչ չպետք է խանգարեր նրանց ճանապարհորդությանը: Նրանց ոչ մի բանում չեն կասկածում, նրանք քրեական գործի ականատեսներ չեն և մինչ այդ նրանց հարցաքննության չեն կանչել»,- նշել է «Human Rights Watch»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը:
Նա ընգծել է, որ ավելի քան երկու տասնամյակ Լեյլան ջանք չի խնայել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև կամուրջներ ստեղծելու համար: Ըստ նրա` ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը և Լեյլա Յունուսը պարբերաբար հրապարակայնորեն քննադատել են այլախոհների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների ճնշումները:
«10 օրից Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնական այցով կժամանի Բաքու: Այն համընկնում է Ադրբեջանի` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու ժամանակահատվածի հետ, ինչը Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են միջազգային ասպարեզում իրենց իմիջը բարձրացնելու համար: Ես հուսով եմ, նախագահ Օլանդը Լեյլայի հետ հանդիպում կպահանջի և ադրբեջանցի իր գործընկերոջը հստակ կերպով կհասկացնի, որ նրա և Ռաուֆ Միրկադիրովի ազատ արձակումը չափազանց կարևոր է, թե իր, և թե Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունների համար»,- հայտարարել է Ռեյչել Դենբերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին