Այսօր տոն է. «Աշխատանքը նման է գեղեցիկ կնոջ. նա սպասել չի սիրում»
«Իհարկե, շնորհավորում եմ Աշխատանքի օրվա առիթով: Այսօր Հայաստանում ով աշխատում է, կարծում եմ, նա ամենաերջանիկ մարդն է: Հասկանում եք չէ, թե ինչի մասին է խոսքս: Դրսում աշխատող մեր հայրենակիցներին էլ եմ շնորհավորում: Նրանք ստիպված են լքել իրենց երկիրը, քանի որ այստեղ չեն կարողացել աշխատանք գտնել, կամ գտել են՝ շատ ցածր աշխատավարձով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց երևանցի 58-ամյա Գայանե Նազարյանը:
Այսօր աշխարհի ավելի քան 140 երկրում նշվում է Աշխատանքի օրը: 1886 թվականին, Փարիզում 2-րդ ինտերնացիոնալի կոնգրեսը որոշել է միավորել միջազգային պրոլետարիատը և պայքարել իրավունքների համար, իսկ դա սկսել առաջին աշխատանքային օրը կրճատելուց: Այդպիսով, Կոնգրեսը որոշել է նաև, որ կլինի մեկ միասնական օր, երբ աշխարհի բոլոր երկրներում բանվոր դասակարգը իշխանություններին կներկայացնի իր պահանջները:
Փարիզյան կոնգրեսից հետո մայիսի 1-ն առաջին անգամ նշվեց 1890 թվականին մի քանի երկրներում: 20-րդ դարի սկզբին շարժումը տեղափոխվել է Ռուսաստան: Խորհրդային տարիներին ԽՍՀՄ բոլոր երկրներում տոնը նշում էին մեծ շուքով, հանդիսություններով:
Հայաստանը Աշխատանքի օրը նշում է սկսած 2005 թվականից:
«Աշխատող, աշխատավոր մարդը միայն հարգանքի է արժանի, հատկապես նրանք, ովքեր նաև լավ մասնագետներ են, իրենց մասնագիտությանը տիրապետում են գերազանց: Աշխատանքն է այն հիմքը, որ երկիրը զարգանում է: Այսօր մեզ մոտ շատ են գործազուրկները, շատ են իրենց մասնագիտությամբ չաշխատողները, շատ են անգրագետ աշխատողները, ովքեր փողով ավարտել են բուհը, փողով աշխատանքի ընդունվել կամ իրենց ծանոթի մոտ ուղղակի գրանցվել որպես աշխատող: Միգուցե հենց դա էլ է պատճառը, որ մեր տնտեսությունը չի զարգանում. քիչ են գործից գլուխ հանողները»,- նման դժգոհություն, մտահոգություն հայտնեց քաղաքացի Գարեգինը, ով նաև նշեց, որ իր վեցհոգանոց ընտանիքում միայն երկու հոգի աշխատող կա, իսկ ինքն էլ թոշակ է ստանում:
«Ես հաջորդ տարի ավարտելու եմ բուհը: Չգիտեմ ինչ կլինի, ինչպես պետք է գտնեմ աշխատանք: Արդեն այդ մասին եմ մտածում: Բոլոր տեղերում աշխատանքային փորձ են պահանջում՝ չմտածելով, որ բուհը նոր ավարտած երիտասարդը ինչպե՞ս կարող է աշխատանքային փորձ ունենալ: Շատ են այն երիտասարդները, ովքեր ավարտել են ու հիմա տանը նստած են, քանի որ աշխատանք չեն կարողանում գտնել: Շնորհավորում եմ մեր աշխատավորներին, չաշխատավորներին էլ ցանկանում եմ գտնել աշխատանք, աշխատել իրենց մասնագիտությամբ»,- ասաց ԵՊՀ ուսանողուհի Կարինեն՝ հիշելով մի ասացվածք. «Աշխատանքը նման է գեղեցիկ կնոջ՝ նա սպասել չի սիրում»:
Իսկ Ղազարոս Աղայանն ասել է. «Աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության»:
«Աշխատողներ, խոսքս հիմնականում ուղղում եմ պետական ապարատում գործունեություն ծավալողներին, մի ծուլացեք ձեր աշխատանքում, ձեր գործը լավ կատարեք, մտածված, քանի որ ձեզանից է կախված մեր ժողովրդի այսօրը, վաղն ու ապագան: Աշխատեք նվիրումով: Մտածեք ոչ միայն ձեր շահի, այլ նաև ժողովրդի մասին: Մի ծուլացեք, մի հարցը մի քանի անգամ ծանրութեթև արեք, քանի որ ձեր ընդունած որոշումները կարող են բերել նրան, որ ևս մեկ ընտանիք լքի մեր փոքրիկ երկիրը»,- նման խնդրանքով դիմեց երևանաբնակ 65-ամյա Սոս Ղուկասյանը:
«Աշխատանքով է ճանաչվում վարպետը»,- ասել է 17-րդ դարի ֆրանսիացի գրող Ժան դը Լաֆոնտենը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները