Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրենը չի ընդունում չարաշահումների մասին ֆիննախի պնդումները
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին դեռ 2012 թ. Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության համար տրամադրված գումարը կա, ներկայացումը բեմադրվելու է: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանը:
Նշենք, որ Ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում եղել են ֆինանսական չարաշահումներ, այդ թվում նաև Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության համար 2012թ. մարտի 31-ին պետական բյուջեից հատկացված գումարի դիմաց օպերայի բեմադրությունը պայմանագրով նախատեսված նախնական ժամկետում` 2013թ.փետրվարի 10-ին, չի իրականացվել, սահմանվել է պատվերի կատարման նոր ժամկետ` 2013թ. դեկտեմբերի 30-ը: Սակայն հատկացված 24 200 200 դրամի դիմաց ներկայացումն այդպես էլ չի բեմադրվել:
«Բեմադրության հետ կապված դժվարություններ եղան, դեկորների, հագուստների փոփոխության հարց էր առաջացել: Կառավարման խորհրդում քննարկվեց այդ հարցերը: Այս ամենի պատճառով հետաձգվեց բեմադրությունը: Կբեմադրվի, ոչ մի բան չկա»,- բավականին հանգիստ տոնով ասաց Կ. Հովհաննիսյանը, մինչդեռ լուրեր էին տարածվել, որ նա մոտ երկու ամիս առաջ իր դիմումի համաձայն թողեց տնօրենի պաշտոնը, քանի որ թատրոնում ֆինանսական չարաշահումներ էին հայտնաբերվել:
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե թատրոնի տնօրինությունը կանխամտածված ցածր եկամուտ է ցույց տվել, ինչի արդյունքում մշակույթի նախարարությունից չհիմնավորված բարձր սուբսիդիաներ է ստացել, կամ՝ տոմսերի վաճառքից կանխատեսվող եկամուտները հաշվարկելիս մեկ տոմսի միջին գինն ընդունվել է նախորդ տարիների փաստացի միջին գնից էլ ցածր, Կ. Հովհաննիսյանն ասաց. «Չէ, չէ տենց բաներ չկան, դրանք փոքր, մանր-մունր բաներ են: Տարեսկզբին նախատեսվում են ծախսերը, իսկ թե ինչքանով են իրականացվում, ստացվում, ...: Ամեն տարի էլ տարբերություններ լինում են՝ կամ ավել, կամ պակաս: Այդտեղ չարաշահման հարց չէ»:
Հիշեցնենք, որ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանը փետրվարի 17-ին անձնական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պաշտոնից: Այժսմ թատրոնը ղեկավարում է Անդրանիկ Արզումանյանը:
Նախորդիվ՝
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում