Բրազիլիա այցելած ՄՕԿ-ի աշխատախումբը չափազանց դժգոհ է
Միջազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ջոն Կոուտսը գրեթե 40 տարի ղեկավարում է օլիմպիական մայրաքաղաքների նախապատրաստական աշխատանքները ստուգող հանձնաժողովը: Նա հերթական այցն է կատարել Ռիո դե Ժանեյրո: Աշխատախումբը չափազանց դժգոհ է մնացել: Ջոն Կոուտսը հայտարարել է, որ Ռիոն 2016 թ. օլիմպիական խաղերին պատրաստ չէ բազմաթիվ չափանիշներով, թեև խաղերի մրցավայրը չի փոխվելու:
Փոխնախագահի խոսքով` Ռիոյում աշխատանքներն ավելի վատ են ընթանում, քան նույնիսկ «Աթենք-2004»-ում էր: Երևակայությունից դուրս է, որ մի քանի մարզակառույցներում շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել: Առավել անհանգստացնող է քաղաքի ջրի որակը:
ՄՕԿ-ը նախկինում երբեք լրացուցիչ ուժեր չի հատկացրել օլիմպիական խաղերին նախապատրաստվող մայրաքաղաքների շինարարության ընթացքն արագացնելու համար: Բայց Ռիոյի պարագայում հատուկ ուժեր է առանձնացրել, սակայն վիճակը դեռևս ծայրահեղ վատ է:
Ռիոյի կազմկոմիտեն համալրված է 600 հոգով, բայց մարդիկ անհրաժեշտ փորձ չունեն: Առայժմ ոչ ոք չի կարող պատասխանել մտահոգող բազմաթիվ հարցերի: Օրինակ, դեռևս պարզ չէ, թե քաղաքի կենտրոնն ազատելու նպատակով կարո՞ղ են ավտոկանգառներ ստեղծել օլիմպիական ավանում, կամ` որքա՞ն ժամանակ է օլիմպիականներին պետք մի մրցավայրից մյուսը հասնելու համար և այլն:
Նախատեսված է այս տարի Ռիոյի օլիմպիական որոշ մարզաբազաներում անցկացնել միջազգային փորձնական մրցաշարեր: Բայց այդ գործով կազմկոմիտեում զբաղվում է ընդամենը երկու մարդ: Այս ամենը վկայում է, որ համակարգված չեն աշխատում Բրազիլիայի կառավարությունը, Ռիոյի քաղաքային և մարզային իշխանությունները: