ԱՀՀ-ն ողջունում է Հայ որբերի գորգը հանրային ցուցադրման տրամադրելու Սպիտակ Տան որոշումը
Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունել է Սպիտակ Տան՝ աշնանը Հայ որբերի գորգը հանրային ցուցադրման տրամադրելու որոշումը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարի պաշտոնական կայքը:
«Նախագահ Քալվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի հեղինակ Մարտին Դերանյանը, տեղեկանալով Սպիտակ տան որոշման մասին, նշել է, որ հավատում է ամերիկյան կառավարությանը, որն ի վերջո ճիշտ որոշում է կայացրել:
«Ես գնահատում եմ Վաշինգտոնում մեր ընտրված պաշտոնյաների, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը, որն օգնում է ապահովել այս հանձնառությունը»,- ասել է Դերանյանը:
«Ամերիկայի` Հայոց ցեղասպանությունը վերապրածներին փրկելու մարդասիրական միջամտության համար երախտագիտության այս նյութական խորհրդանիշի ցուցադրությունը դրական առաջընթաց է»,- հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրեն Բրայան Արդունին:
Հիշեցնենք, որ գորգը գործվել է հայ որբերի կողմից 1920-ականներին և պաշտոնապես ներկայացվել Սպիտակ տանը 1925-ին: Այն փոխանցվել է Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին` որպես երախտիքի նշան Միացյալ Նահանգների ցուցաբերած օգնության համար:
Նախորդիվ՝
«The Washington Post». Սպիտակ Տունը համաձայնել է հանրային ցուցադրության տրամադրել Հայ որբերի գորգը