Ճիշտ, հավասարակշռված քայլ էր. ԲՀԿ-ականը` ֆիննախ-ՊԵԿ միավորման մասին
«Ճիշտ քայլ էր, հավասարակշռված քայլ էր ու արդյունավետության տանող քայլ էր», -պետական եկամուտների կոմիտեն ֆինանսների նախարարության կազմում ընդգրկելու մասին կառավարության նախաձեռնությունը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես բնութագրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նա ասաց, որ դեռ 1999-ական թվականներից սկսած խոսել է այդ կառույցների միավորման մասին և այժմ ուրախ է, որ ի վերջո դա կյանքի է կոչվում:
«Ոչ մեծ երկրի համար, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, եկամուտների համակարգը և մաքսային համակարգը պետք է, որպես կանոն, լինեն ֆինանսների նախարարության ենթակայության տակ, քանի որ Հայաստանի Հանրապետությունում կառավարության կողմից լիազոր մարմին է ճանաչվում ֆինանսների նախարարությունը, որը բյուջեն կազմողն է ու դրա քննարկումները Ազգայն ժողովում իրականացնողը», -հավելեց պարոն Բոստանջյանը:
Նրա խոսքով, անցած տարիներին, երբ բյուջեի եկամուտն ապահով համակարգերը չեն եղել ֆինանսների նախարարության ենթփակայության տակ, ըստ էության, պետական բյուջեն կազմող մարմինը չի ունեցել օպերատիվ տեղեկատվություն եկամուտների վերաբերյալ: Հետևաբար, ըստ տնտեսագետի, նման վերադասավորումը ճիշտ է: Ֆիննախի կազմում պետեկամուտների կոմիտեի ընդգրկումը նաև Ազգայն ժողովոին հնարավորություն կտա վերահսկողության տակ պահել եկամուտների հավաքագրման գործընթացը, որը մինչ այժմ չէր արվում:
«Պետք է ուշադրություն դարձնեք այն փաստի վրա, որ պետական բյուջեն, լինելով ֆինանսական ու քաղաքական փաստաթուղթ, տևական քննարկում է անցնում ազգային ժողովում, և վերահսկողություն իրականացնող մարմինը պետք է պատասխան տա պատգամավորների առաջ, որը նախկինում չի եղել: Հիմա ԱԺ-ն իր հերթին հանդիսանում է ավելի բարձր ատյանի վերահսկող մարմին: Այս պարագայում նոր կառույցի արդյունավետությունը ավելի պետք է բարձրանա», -համոզված է Բոստանջյանը:
Հարակից հրապարակում`
Տնտեսական բլոկում տեղի է ունենում իշխանության կենտրոնացում. Տնտեսագետը` ֆիննախ-ՊԵԿ միավորման մասին