Բորիս Խառատյան. Հայաստանում գոյություն չունի պաշտոնապես սահմանված սպառողական զամբյուղ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային աշխատողները (արհմիության անդամ) հիմնականում դիմում են վնասի հատուցման, աշխատանքային պայմանագրի, արձակուրդ հետ կապված հարցերով: Ասուլիսում այս մասին ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը:
«Եթե պարզվում է, որ, իրոք, աշխատողի իրավունքները խախտվել են, դիմում ենք գործատուին՝ փոփոխություններ կատարելու համար: Իսկ եթե գործատուն չի համաձայնվում՝ ասելով, թե իր գործն է, ինչպես ցանկանում, այնպես անում է, մենք օգնում ենք աշխատողին դիմել դատարան»- ասաց նա:
Ինչ վերաբերում է Կուտակային կենսաթոշակային համակարգին, Բ. Խառատյանն ասաց, որ իրենք դեռ 2010 թվականից են բարձրաձայնում, որ նման համակարգի կիրառումը ժամանակավրեպ է:
«Մեզ մոտ միջին աշխատավարձը 150-160 հազար դրամ է կազմում, իսկ պարտադիր կուտակային համակարգը կարող է արդյունավետ գործել, եթե աշխատողն ունի ավել գումար, կարող է բավարարել իր ու ընտանիքի պահանջները, իսկ ավելացված գումարը կուտակել»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե երբևէ բարձրաձայնե՞լ եք, որ Հայաստանի նվազագույն աշխատավարձը չի համապատասխանում սպառողական զամբյուղին, Բ. Խառատյանը նախ փորձեց ճշտել, թե կոնկրետ որ սպառողական զամբյուղը ի նկատի ունեն, ապա նշեց. «Հայաստանում գոյություն չունի պաշտոնապես սահմանված սպառողական զամբյուղ: Հաշվարկում են տարբեր մեթոդաբանություններում և ստացվում է տարբեր թվեր: 45 հազար դրամ գործող նվազագույն աշխատավարձն իր մեջ ոչ մի հաշվարկ չի պարունակում, ինչը ստեղծում է անկանխատեսելիություն»:
Ասուլիսին ներկա Հայաստանի գործատուների հանրապետական միության սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ Շուշանիկ Բարսեղյանն իր խոսքում նշեց, որ սոցիալական համագործակցությունը հզոր գործիք է, որպեսզի սոցիալական արդարություն լինի, սոցիալական արդարությունը վերականգնվի: Նա նաև նշեց, որ Գործատուների հանրապետական միությունը այն կարծիքին, է որ Հայաստանում տնտեսությունը, գործարարությունը կզարգանա, եթե զարգանա փոքր և միջին բիզնեսը: