ԱՄՆ-ից Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնի անդամներն անհամբեր սպասում են, թե երբ են սովորելու հայկական պար
«Երկու ժողովուրդների մերձեցում, պարարվեստի գերազանց ցուցադրում, տարածաշրջանային հարաբերությունների մոտեցում: Ահա այս երեք նպատակն է հետապնում մեր այս ծրագիրը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը՝ ներկայացնելով ԱՄՆ պետքարտուղարության DanceMotion ծրագրի շրջանակում Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնի Հայաստանում գտնվելն ու մայիսի 4-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայանալիք համերգը:
Հայաստանում նախատեսվող միջոցառումները ներառում են պարի դասեր, ներկայացումներ խոցելի խմբերի համար, վարպետության դասեր տեղի պարողների համար, համատեղ ստեղծագործական աշխատանք ԱՄՆ-ից ժամանած խմբի ու տեղի պարային համույթի միջև և համերգ: Հյուրախաղերի ընթացքում Դ. Դորֆմանը նաև ընտրելու է պարողներ Հայաստանից և Թուրքիայից, ովքեր 2014թ. ամռանը ԱՄՆ-ում կմասնակցեն պարուսուցման ինտենսիվ ծրագրի:
Դեսպանն ասաց, որ Հայաստանից խումբն ուղևորվելու է Թուրքիա, այնուհետև Տաջիկստան:
«Միգուցե խումբն իր փոքրիկ ներդրումն ունենա սերտացնելու տարածաշրջանային հարաբերությունները»,- նշեց Ջ. Հեֆֆերնը:
Դեյվիդ Դորֆմանը նախ ասաց, որ իր և խմբի մյուս անդամների համար երազի պես բան է Հայաստանում գտնվելը:
«Երեկոյան սովորելու ենք հայկական պար: Անհամբեր սպասում ենք»,- նշեց նա:
Դեյվիդ Դորֆմանն իրենց ներկայացրած պարը բնորոշեց որպես արմատական հումանիստական, չնայած շեշտադրում են նաև տեխնիկական կատարողական հատվածը, նպատակն է պարի միջոցով ներկայացնել տարբեր իրավիճակներ, որոնց մեջ կարող է հայտնվել մարդը:
«Մեր պարում հիմնականում դիկսոյի տարրեր են, աֆրիկյան պարերի էլեմենտներ: Հիմնական ուղղվածությունը ժամանակակից և հետժամանակակից պարն է»,- իրենց պարարվեստն այսպես ներկայացրեց նա:
Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնը հիմնադրվել է 1985թ. և այդ ժամանակվանից ի վեր խումբը բազմիցս հանդես է եկել Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, իսկ վերջերս Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ ու Կրասնոյարսկ քաղաքներում և Լեհաստանի Բիտոմ և Կրակով քաղաքներում: Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնն 8 անգամ արժանացել է Բեսսի հեղինակավոր մրցանակին: