Փասադենայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի հիմքի օրհնության արարողություն
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի հիմքի օրհնության արարողություն: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
Հայ հոգևորականն օրհնել է Փասադենայում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմքը, որն ավարտին կհասցվի 2015-ին` Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ: Ավելի քան 700 մարդ էր հավաքվել արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 27 -ին, այն տեղադրվելու է Փասադենայի Հիշատակի զբոսայգում:
Օրհնության արարողոության ժամանակ երաժշտական ներկայացումներով, ելույթներով են հանդես եկել Փասադենայի դպրոցի հայ ուսանողները: Դաշնային, պետական և տեղացի ընտրված պաշտոնյաները, ինչպես նաև մի շարք հեղինակավոր մարդիկ մասնակցել էին արարողությանը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության հուշակոթողի ճարտարապետական նախագծման համար հաղթող է ճանաչվել Արվեստի կենտրոնի` դիզայնի քոլեջի ուսանողուհի Քեթրին Մենարդի նախագիծը:
Մենարդի դիզայնի նախագծի առանձնահատկությունը կայանում է հետևյալում. քարե ավազանում կանգնեցված է եռոտանի կառույց, որի վերևի մասից երեք վայրկյանը մեկը ընկնում է մեկ արցունքի կաթիլ, որն էլ խորհրդանշում է Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածներից յուրաքանչյուրի կյանքը:
Մեկ տարվա ընթացքում 1.5 միլիոն արցունք է թափվելու ավազան և այդ թիվը խորհրդանշում է 1915-1918թթ. Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի Ցեղասպանությունը:
Նախորդիվ`
Փասադենայում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի օրհնության արարողություն
«Los Angeles Times». Փասադենայում Հայոց ցեղասպանության հուշակոթողից տարեկան 1.5 միլիոն խորհրդանշական թվով «արցունք» կթափվի