«Մեր սրինգը պակաս չի մարդու հոգին քանդում, բայց…». երաժշտագետ Լուսինե Նազարյան
Ժողովուրդը միշտ էլ իր ստեղծածը սիրել է, սակայն այսօր կտրված է ազգայինից, քանի որ փոխվել է մտածողություն, չեն ճանաչում իրենց ազգային մշակույթը: Իսկ այս ամենն այն պատճառով, որ Հայաստանում վարվող մշակութային քաղաքականությունն ազգային չէ: «Նուբար» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար երաժշտագետ Լուսինե Նազարյանը վիճակն անմխիթար չի համարում, համոզված է, որ եթե ամեն մարդ իր տեղում լինի, ամեն մարդ իր գործով զբաղվի, ամեն ինչ իր տեղը կընկնի:
Մեր զրուցակիցն է երաժշտագետ Լուսինե Նազարյանը:
-Որքա՞ն հաճախ է «Նուբարը» համերգներ ունենում:
-Մենք չենք ծրագրում, թե ամսվա ընթացքում քանի համերգով պետք է հանդես գանք: Նարեկացի արվեստի միությունում ամեն ամիս մեկ ելույթ ունենում ենք «Երգենք միասին» ծրագրի շրջանակներում, իսկ ընդհանրապես՝ սպասում ենք հրավերների:
-Իսկ հրավերներ լինո՞ւմ են:
-Լինում են տարբեր մարզկենտրոններից, քաղաքներից: Սակայն մենք այդ հնարավորությունը չունենք, որ մեր միջոցներով հասնենք այդ վայրերը: Նախորդ տարի Քաշաթաղում ենք եղել, հիմա էլ խնդրում են, որ գնանք, սակայն միջոցներ չունենք:
-Լուսինե, ինչպիսի՞ն է այսօր հասարակության վերաբերմունքն ազգային երգի, երաժշտության, պարի հանդեպ:
-Ժողովուրդը միշտ էլ իր ստեղծածը սիրել է: Ուղղակի հիմա շատ են կողքից ասում՝ ով է լսում, ներշնչում են մարդկանց, որ ազգագրական երգ լսողներ չկան, ազգագրական պարեր չեն պարում: Մեկը օդի մեջ կրակում է ու մարդիկ կախվում են դրանից: Մարդիկ սիրում են, ազգայինով ոգևորովում են, ոգեշնչվում են, անկեղծ ուրախանում են, բայց գնում փող են տալիս ու լսում են աղբ, քանի որ մոդա է, գովազդվում է: Մի քանի օր առաջ մասնավոր միջոցառման էինք: Սկզբում մոդայիկ երգիչների, ոչ միայն հայ, ձայնագրությունները էին հնչում, ուրախանում էին, հենց հրավիրված ազգագրական խումբ եկավ, մարդիկ նայում էին որպես համերգ, հետո սկսեցին անկեղծ ուրախանալ, վերջում շնորհակալություն հայտնեցին: Ժողովուրդն այդքան անճաշակ չէ, ինչքան ստիպում են լինել, ինչքան փորձում են ներկայացնել: Բայց հետաքրքրված չէ ազգայինով, քանի որ պետական հոգածություն չկա, ազգայինի պրոպագանդման համար գումարներ չեն տրամադրում, էլ չասեմ, թե պետական պաշտոնյաներն ինչ երաժշտություն են սիրում:
-Ձեր ասածներից կարելի է ենթադրել, որ Հայաստանում վարվող մշակութային քաղաքականությունից դժգոհ եք:
-Մշակութային քաղաքականությունն ազգային չէ: Ազգային մտածողություն չունեն: Ջազի միջազգային օրն էր, միջոցառում էին կազմակերպել: Բան չունեմ ասելու, համաշխարհային մշակույթի մաս է կազմում, գնահատում եմ համաշխարհային արվեստը, սակայն եթե նեգրերը կարողացան իրենց մշակույթը դարձնել համաշխարհային, պարտադրել բոլորին, ինչով է պակաս մեր սրինգը սաքսոֆոնից: Մեր սրինգը պակաս չի մարդու հոգին քանդում: Շփվել եմ տարբեր երկրների արվեստագետների հետ, միայն հիացմունքով են խոսում մեր ազգային մշակույթի մասին: Շփվել եմ իտալացիների հետ: Նրանք մի քանի անգամ վերադարձել են Հայաստան, քանի որ այստեղ գտել են այն, ինչ իրենց մոտ չկա:
-Տիկին Լուսինե, ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը:
-Ամեն մարդ պետք է իր տեղում լինի, ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, իր մասնագիտությամբ: Կան մի քանի հոգի, ովքեր ուզում են վիճակը բարելավել, սակայն մի քանիսով հարցը չի լուծվում: Պետք է պետական քաղաքականություն: Պետք է ներկայացնել որակով, մատուցել ճաշակով, առանց օտար շունչ հաղորդելու ազգայինին նոր շունչ հաղորդել: Ուղղակի մտածողությունն է փոխվել: Պետք է փոխել դա: Ազգային երգով, պարով մեծացած մարդը չի կարող վատը լինել: Իհարկե, պետք է ռուսական, եվրոպական, արևելյան մշակույթներն էլ իմանալ, սակայն եթե քո ազգայինը չես իմանում, մնացածն անիմաստ է դառնում: Իսկ ով ասում է չի սիրում ազգային մշակույթը, ուղղակի չճանաչելով ու չիմանալով է ասում:
Նախորդիվ՝
Գ. Գինոսյան. Ազգային մշակույթը մարդկանց չի հետաքրքրում, քանի որ չի հետաքրքրում պետական կառույցներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները