Առավել կարևոր է, թե ինչ լսարան է օգտվում տվյալ կայքից. Սամվել Մարտիրոսյան
Նախորդ տարի մենք մոտեցել էինք անազատից՝ կիսաազատ մամուլ ունեցող երկրների շարքին, սակայն կրկին հետընթաց գրանցվեց: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր Արա Ղազարյանն էլ հակադարձելով նեշեց, որ ասել, թե Հայաստանում մամուլը ազատ չէ, դա չափազանցություն է:
Անդրադառնալով «Freedom House»-ի ներկայացրած զեկույցին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ մամուլի ազատությունը ոչ թե հետընթաց է գրանցել, այլ նախորդ տարիների համեմատ առաջընթաց չի գրանցել:
Նա նաև ավելացրեց, որ այսօր պաշտոնյաները հաճախ են լղոզված պատասխաններ տալիս լրագրողների հարցերին և ոչ թե լրիվ հրաժարվում, որն առավել դժվար վիճարկելի է օրենքի տեսանկյունից:
Քննարկմանը ներկա մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ ավելացրեց, որ առավել կարևոր է ներքին գնահատականը, քան՝ ինչ կասեն արտասահմանյան որոշ փորձագետներ. «Լրատվականների համար ձևավորվող վարկանիշային աղյուսակները հարաբերական են, քանի որ առավել կարևոր է, թե ինչ լսարան է օգտվում այդ կայքից»:
Ըստ Արա Ղազարյանի` օրենքը չի կարող կարգավորել ամեն ինչ, ինքնակարգավորումը մեդիայի համար անխուսափելի անհրաժեշտություն է:
Խոսելով մեդիա ոլորտում վերջին տարվա ձեռքբերումներից` Աշոտ Մելիքյանը կարևորեց այն հանգամանքը, որ լրագրողները առավել հետևողական են դարձել իրենց վերաբերող բոլոր խնդիրներին:
Media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանն էլ հավելեց, որ արտակարգ իրադրությունների ժամանակ խմբագրությունները սկսել են առավել արդյունավետ աշխատել, դրա ապացույցն էին նախորդ նախագահական ընտրությունները: