Ս.Սաֆարյանը քառյակի մասին. Չի կարող մի բան անվերջ շարունակվել, եթե չկա համատեղ օրակարգ
Սա Հայաստանի համար time out` դադարի շրջան է` թե արտաքին քաղաքական վեկտորի, թե ներքին քաղաքական խնդիրների առումով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Արտաքին վեկտորում Հայաստանն անցնում է «ոչ-ոչ»-ի քաղաքականության` ոչ Մաքսային միություն, ոչ Եվրամիություն, քանի որ այս երկուսը պայմանավորված են բարդությունների հետ: Նույնը նաև ներքաղաքական վիճակում. այս կառավարությունը օլիգարխիայի կառավարություն է, քանի որ նշանակված դեմքերի զգալի մասը ուղղակիորեն կապ ունի օլիգարխիայի հետ: Կարելի է միանշանակ պնդել, որ այս կառավարությունը չի կարողանալու դուրս գալ առկա խնդիրների բեռի տակից, առավել ևս, որ արտաքին ճակատում էլ սպասվում են բուռն զարգացումներ»,- նշեց բանախոսը` մատնանշելով մասնավորապես ԵՄ հետ բանակցային նոր փուլի մեկնարկը:
Ս.Սաֆարյանը միաժամանակ նշեց, որ արտաքին ճակատում իրականում այդքան էլ հեշտ չի լինելու վերսկսել բանակցությունները: Այնպես, որ առաջիկա ամիսներին, ըստ Ս.Սաֆարյանի, ավելի շատ ականատես կլինենք ներքաղաքական զարգացումների, մասնավորապես Կառավարության ծրագրի ներկայացմանը, որից էլ պարզ կլինի, թե ԱԺ չորս ոչ իշխանական ուժերից յուրաքանչյուրը ուր և ինչի է ձգտում:
Ինչ վերաբերում է քառյակի ֆորմատի համագործակցությանը, ապա նախկին պատգամավորը նշեց. «Չի կարող մի բան անվերջ շարունակվել, եթե չկա համատեղ օրակարգ ու ընդհանուր խնդիր, նաև եթե կողմերը հրապարակավ անում են տարբեր հայտարարություններ»:
Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե կուսակցությունում տրամադրություններ կան դադարեցնել համագործակցությունը քառյակի ֆորմատում ԲՀԿ-ի կեցվածքի պատճառով, Ս.Սաֆարյանն ասաց, որ չի մեղադրելու ԲՀԿ-ին, քանի որ վերջինս երբեք չի հայտարարել, որ իրենց օրակարգում, օրինակ կա Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Բայց պրոբլեմ ունեն այն քաղաքական ուժերն ու մարդիկ, որոնք փորձել են տեսնել ավելին, քան դա կա և հանդես եկել հայտարարությամբ, թե ԲՀԿ-ն ընդդիմադիր է հանդես գալու, մինչդեռ ԲՀԿ կուսակցապետի մակարդակով դրա վերաբերյալ հստակ հայտարարվել է:
«ԲՀԿ-ի քաղաքական կեցվածքի հարցը շատ ավելի պարզ է, քան մնացածներինը: Մյուսների մասով ասել ոչինչ չեմ կարող, բայց կոնկրետ «Ժառանգությունը» սպասում է Կառավարության ծրագրի ներկայացմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան