«Գազային» բանակցություններ` Ռուսաստանի, Եվրամիության և Ուկրաինայի միջև
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Ռուսաստանի, Եվրամիության և Ուկրաինայի միջև այսօր տեղի են ունեցել «գազային» բանակցություններ: Ուկրաինայի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարներն ու էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատարը քննարկել են Ուկրաինայի կողմից ռուսական գազի պարտքի մարման, Ուկրաինայի համար գազի սակագնի և երկրի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման հարցերը: Այս մասին հաղորդում է «Ուկրինֆորմ» լրատվական գործակալությունը:
Եռակողմ այդ բանակցությունների նախաձեռնությամբ հանդես է եկել ռուսական կողմը: Մոսկվան պնդում է, որ 2014թ.-ի ապրիլից Ուկրաինայի համար ռուսական գազի սակագինը 1000խմ դիմաց $268,5-ից կազմում է $485, քանի որ Ուկրաինայի կողմից պարբերաբար վճարումներ չկատարելու պատճառով ռուսական կողմը, համաձայն ռուս-ուկրաինական գազային համաձայնագրերի, չեղյալ է հայտարարել զեղչերի շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ուկրաինական կողմը հայտարարել է, թե չի պատրաստվում վճարել նոր սակագներով և պահանջում է վերականգնել նախկին սակագները:
Այդ հակասության պատճառով կողմերը հայտարարել են դեպի Ուկրաինա և Եվրոպա ռուսական գազի մատակարարման հնարավոր դադարեցման մասին, ինչից խուսափելու համար ռուսական կողմն առաջարկում է համատեղ ջանքերով ելքեր գտնել ուկրաինական պարտքը մարելու և երկրի տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ:
Նախորդող ՝
Եվրամիությունը և Ուկրաինան՝ «ռուսական գազային թակարդում»